Մինչ պաշտոնական թվերն արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի կտրուկ աճի մասին են, հազարավոր տեղահանվածների համար այդ հավաստագրերը դեռ թղթի կտոր են մնում: Գույքի արհեստական ցածր գնահատում, բյուրոկրատական քաշքշուկներ և դատական երկարատև նիստեր:
Արցախցիների բողոքներն այսօր դուրս մնացին Ազգային ժողովում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի զեկույցից: Նախարարը բարեփոխումների ծրագրերը քննարկում էր իշխանական պատգամավորների հետ ու պատասխանում քաղաքացիների՝ իրենց հասած հարցերին:
Արցախցիների ստացած հավաստագրերի ու ձեռք բերած բնակարանների մասին Արսեն Թորոսյանի թարմ տվյալներն այսպիսին էին. - «Մենք կտրուկ աճ ունենք էլի հավաստագրերի ստացման, և փետրվարի 1-ով ունենք արդեն 4 հազար 404 ընտանիք, որ ստացել է հավաստագիր, և մոտ 2 հազար ընտանիք, որը արդեն իրացրել է իրենց հավաստագիրը, այսինքն՝ 2 հազար ձեռք բերված բնակարան: Սա շատ կարևոր է»:
Կտրուկ աճը վերաբերում է հատկապես վերջին երեք ամիսներին, բնակարանի վկայագիր ստացող արցախցի ընտանիքների թիվը կրկնապատկվել է։ Սակայն նույնիսկ այս տեմպերով՝ երկու տարվա ընթացքում ծրագրից օգտվել է նախատեսված 25 հազար ընտանիքի հազիվ 20 տոկոսը։ Իսկ ստացողների կեսն էլ դեռ չի կարողացել իրացնել այդ հավաստագիրը։ Ինչո՞ւ։ Պատասխանը պաշտոնական ամբիոններից այսօր չհնչեց։
Վանաձորում բնակվող Արթուր Բաբայանը մեկուկես տարի է ծախսել միայն Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, որն այս ծրագրի պարտադիր պայմանն է։ Պետական կառույցներն արցախցուց պահանջել են 75-ամյա մոր և 88-ին Սումգայիթում սպանված հոր ամուսնության վկայականը։ Ի վերջո, մեկուկես տարում դատարանի միջոցով ծնողների ամուսնության փաստը հաստատվել է:
Երեք երեխաների հայրն արդեն նաև բնակարանի հավաստագիր ունի, բայց կես տարի է՝ չի կարողանում Վանաձորում իր ուզած տունը գնել: Բանկի գնահատողը եկել ու տան արժեքը շուկայականից շատ ցածր է սահմանել։
«Տան տերը ուզում ա 17 միլիոն դրամ, բանկը գնահատում ա 11.5: Էդ բնակարանի ռեալ գինը, էդ բնակարանը ես չգնեցի, 18 միլիոնով ծախեց: 17-ով տալիս էր, ասեց «մի քիչ էլ կիջնեմ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Բաբայանը:
Հիմա նոր տուն է գտել, բայց պետության տված 20 միլիոնը դարձյալ իրեն չի հասնի, բանկն այս անգամ էլ 5.5 միլիոնով էժան է գնահատել տունը։ Լուծումը, որ առաջարկում են պաշտոնյաները՝ «վարկ վերցրու կամ պարտք արա»։
«Զանգել եմ «թեժ գիծ», ասում եմ՝ «իմ ուզած բնակարանը գտել եմ, քիչ են գնահատել, երբ պետությունը ֆինանսավորում ա, անշարժ գույքի գործակալները ցածր են գնահատում, ի՞նչ անեմ», ասել են՝ «դու կարող ես պարտք անել, դու կարող ես ոսկի գրավ դնել»: Թե իրանց մոտ, չգիտեմ, պատահական ա ստացվում, թե վերևից ցուցում ա տված, որ ամեն ինչ անեն, որ խոչընդոտներ ստեղծեն, չգիտեմ», - ասաց Արթուր Բաբայանը:
Անցած երեք տարիներին նաև զրկված են եղել տեղահանվածների համար նախատեսված գումարային աջակցությունից: Այս գործով էլ մի առանձին դատական գործի մեջ է: 42-ամյա Բաբայանը, որ երեք երեխաների հայր է, ասում է՝ դատական գործից հետ չի կանգնելու՝ իր հասանելիք գումարներն ստանալու համար:
Ստեփանակերտի հանրային հեռուստաընկերությունում լրագրող աշխատած Անուշ Ղավալյանի պատմությունն ավելի բարդ է։ Նա արդեն երկու տարի է՝ չի կարողանում ապացուցել, որ արցախցի է։ 2023-ի ադրբեջանական բլոկադայից առաջ Լեռնային Ղարաբաղից մեկնել էր արտասահման, իսկ հետո չէր կարողացել վերադառնալ փակ ճանապարհի պատճառով։ Ընտանիքի մյուս անդամները Հայաստան են եկել արդեն մասսայական տեղահանումից հետո: Նրանց տվյալները հեշտությամբ հաստատվել են, իսկ ահա ինքը փախստականի վկայականը ձեռքին չի կարողացել սոցիալական որևէ ծրագրից օգտվել:
«Փախստականի քարտ ես ստացել եմ, բայց ես ստացել եմ միայն քարտ, այդ քարտով ես ոչ մի բան չեմ կարողացել անել, այսինքն՝ ես ոչ մի պետական ծրագրի, ոչ մի բան, ոչ մի բան ինձ չի վերաբերել, որովհետև իմ տվյալները բացակայում են իրենց շտեմարանից: Ինձ պարզաբանում են, որ ինչ-որ Արցախից շտեմարան են իրենց փոխանցել, բայց Արցախի ներկայացուցչությունում ասում են, որ իրենք ոչ մի տվյալ չեն փոխանցել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ղավալյանը:
Այսօր էլ ընտանիքը չի կարողանում բնակարանի հավաստագիր ստանալ, քանի դեռ պետական կառույցներն իրեն այդ ընտանիքի անդամ չեն համարում. - «Ընդհանուր ընտանիքի չորս հոգու հայտը մերժել են իմ տվյալների բացակայության պատճառով»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ արդեն տասնյակների է հասնում նման խնդիրներով իրենց դիմած տեղահանվածների թիվը: