Մատչելիության հղումներ

Արցախից 20 տեղահանվածներ բնակվում են երևանյան նախկին դպրոցում, որն էլ «հիմնական կեցավայր չի կարող մնալ»


44-օրյա պատերազմից գրեթե 3 տարի է անցել, բայց Արցախում տուն-տեղը կորցրած շուրջ 20 մարդ դեռ շարունակում է ապրել Երևանում գործող կրթական տարածքներից մեկում։

Իրինա Բաբայանը Շուշիում 90 քառակուսի մետրանոց բնակարան ուներ, հիմա 94-ամյա մոր հետ ապրում է թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի 18 քմ-անոց դասասենյակում։ Տարեց կինն անվերջ իրենց ընդարձակ տունն է հիշում։

«Կոնկրետ ինձ մի զինվորական մարդ ասաց՝ մի երեք օրով դուրս եք գալիս Շուշիից, մենք այստեղ հարցերը լուծենք, ու հետ կգաք։ Մենք էլ հինգ օր պադվալում մնացած, ոնց կայինք, էդպես էլ դուրս եկանք, ու բոլորով եկանք այստեղ՝ տարբեր տեղերից հավաքված», - պատմում է նա։

Տիկին Իրինան գոհ է, որ գլխին գոնե ծածկ ունեն, բայց գրեթե 3 տարի անորոշության մեջ են օրերը գլորում։ Երջանկության մի քանի ժամ ունի՝ արվեստի դպրոցում դաշնամուր է դասավանդում։ Եթե այս կացարանից էլ զրկվեն, ապրելու տեղ չեն ունենա։ Աշխատավարձը, իր ու մոր թոշակը միասին մի էժան տան վարձի կեսն էլ չի հանի, ասում է։ Երկու անգամ է տեղահանվել՝ նախ Սումգայիթից Շուշի, հիմա էլ Շուշիից՝ Հայաստան։ Որդին ու հարսը Արցախում են մնացել, միակ երազանքը հիմա ընտանիքի վերամիավորումն է մի ապահով վայրում։

«Ոչ տուն ունենք, ոչ տեղ ունենք, ոչ բարեկամություն ունենք։ Մենք այս չորսով ենք», - նշում է նա։

Նախկին դպրոցը հիմա գործում է որպես հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների գնահատման կենտրոն, այստեղ նաև տարբեր պարապմունքներ են անցկացվում։ Կենտրոնն իր հարկի արցախցի 6 ընտանիքի է ընդունել։ Մեկ հարկում տեղավորված շուրջ 20 հոգու ուրախությունը միջանցքում քայլակով շրջող մեկամյա Կարինան է։ Փոքրիկի հայրը 44-օրյայի մասնակից է, նրանց 6 հոգանոց ընտանիքը երկու դասասենյակներում է տեղավորվել։ Տատը՝ 55-ամյա Կարինա Գուլյանն իր երկու որդիների հետ մեկ սերտիֆիկատ է ստացել կառավարությունից, ևս մեկն էլ փոքրիկի հայրն ու մայրն են ստացել՝ որպես առանձին ընտանիք։ Այդ երկու սերտիֆիկատների գումարը 20 մլն դրամ է, այն մեկ տարով է տրվել, մի քանի ամսից ժամկետը կլրանա։

Քարվաճառից տեղահանված տիկին Կարինան ասում է՝ Աբովյան քաղաքում տուն են գտել, բայց չեն կարողանում գնել, որովհետև սերտիֆիկատի գումարից բացի, 500 հազարական դրամ էլ կանխավճար պետք է մուծեն։ Գումար չունեն, բացի այդ էլ բանկն Արցախում իրենց չմարած վարկերը չի սառեցրել՝ սև ցուցակում են։

50-ամյա Նունե Պետրոսյանը հարս է գնացել Հադրութի Ակնաղբյուր գյուղ։ 44-օրյայի ժամանակ մի կերպ է հասել Երևան։ Վատառողջ է, աշխատել չի կարողանում, 20-ամյա որդին է բանվորություն անում ու օրվա հացի փողը վաստակում։ Ինքը պատրաստ է Ստեփանակերտում ապրել, ուղղակի այնտեղ էլ ոչ տուն կա, ոչ էլ Արցախ մտնելու ճանապարհ։ Պետությունից, ասաց, ոչ մի կոպեկ չի ստանում, բնակարան գնելու սերտիֆիկատ չունեն՝ ծրագրի պահանջներին չեն համապատասխանել. - «Ոչ թոշակ եմ ստանում, ոչ բան, երեխան բանվորական աշխատանքներ է կատարում։ Ես էլ ճնշում ունեմ, հոդացավ»։

Այս կենտրոնը չի կարող քաղաքացիների հիմնական կեցավայր լինել, զգուշացնում է Կրթության նախարարությունը՝ ընդգծելով, որ այն սպասարկում է Ավանի ու Նոր Նորքի դպրոցահասակ ավելի քան 25 հազար երեխաների։ ԿԳՄՍ-ն տարբեր գրություններով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ հարցին հիմնական ու վերջնական լուծում տալու ակնկալիքով, «Ազատությանը» փոխանցեցին գերատեսչությունից։ Իսկ Սոցապնախարարությունն այս հարցի հստակ պատասխանը չունի։

«Բոլորի առջև ունենք հավասար պարտավորություն՝ իրենց կեցության վայրով ապահովելու։ Եթե դիմում են ու կարողանում են դրված չափորոշիչներին բավարարել, կվարկավորվեն ու կստանան բնակարանները», - ասաց նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։

Նրա փոխանցմամբ՝ աջակցության ավելի քան 20 ծրագիր են ունեցել, հիմա դրանք ավարտվել են, ու միայն բնակարանների գնման սերտիֆիկատի ծրագիրն է գործում։ Անդրադառնալով Գուլյանների խնդրին, որ երկու սերտիֆիկատով չեն կարող մեկ տուն գնել, որովհետև ունեն չմարված վարկ ու չունեն կանխավճար, փոխանցեց. - «Հիպոթեքային վարկի ձևակերպման ժամանակ որպես վարկառու կամ համավարկառու կարող է հանդես գալ ընտանիքի ցանկացած անդամ՝ անկախ նրանից, թե հավաստագիրը ում անունով է տրված, այսինքն՝ այս դեպքում ընտանիքի անդամ հենց նեղ պետք չի հասկանալ, այսինքն՝ բարեկամներ և այլն, ևս կարող են ներառվել որպես ընտանիքի անդամ, դիմել ու վարկավորվել»։

Մինչ Սոցապնախարարությունից նշում են, որ շուրջ 200 ընտանիք մասնավոր աջակցության շնորհիվ դուրս է եկել պետության հաշվեկշռում եղած այսպիսի շենքերից, այս 20 արցախցի ընտանիքները հարցնում են՝ իսկ իրենց մասին որևէ մեկը տեղյա՞կ է։ Իսկ այսօր մայիսի 9-նն է, Շուշիի ազատագրման 31-րդ տարին է լրանում, Շուշիից տեղահանված Իրինա Բաբայանն օրն արցունքով էր սկսել...

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG