Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը պետք է զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում. Լուկաշենկո

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպմանը:

«Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում»,- ասել է նա:

Լուկաշենկոն նշել է՝ Հայաստանում բարդ իրավիճակ է այս առումով, հատկապես նախընտրական շրջանում:

2024-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի անդամակցությունը Ռուսաստանի առաջնորդած ՀԱՊԿ-ին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները մոսկովյան հանդիպմանն անդրադարձել էին ՀԱՊԿ-ին: Պուտինն ասել էր՝ տեղյակ է, որ հայկական կողմի մոտ դժգոհություններ կան ՀԱՊԿ-ի մասով:

«Բայց ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ Պրահայում 2022 թվականին, երբ Դուք ճանաչեցիք Ղարաբաղը Ադրբեջանի մաս, արդեն ներադրբեջանական դարձած այս հարցին ՀԱՊԿ-ի միջամտությունը բոլորովին ճիշտ չէր լինի», - հայտարարել էր Կրեմլի ղեկավարը:

Փաշինյանը պնդել էր՝ անվտանգային դաշինքի մեխանիզմները 2022-ին պետք է աշխատեին, բայց չաշխատեցին: «Մենք հիմա չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով, քանի որ ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել՝ չնայած համաձայնագրով ունեցած պարտավորություններին»,- հայտարարել էր վարչապետը:

Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

XS
SM
MD
LG