Մատչելիության հղումներ

Հայաստանը պատերազմի չի պատրաստվում. Բանակի օրվա Փաշինյանի հայտարարություններն ու ընդդիմության հակադարձումը

Հայաստանը պատերազմի չի պատրաստվում, Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի ուղերձում այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, թե պատերազմ չի լինելու։ Ըստ վարչապետի՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղություն է հաստատված, և դրանից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա, նույնը կրկնել է ՊՆ-ում տեղի ունեցած հանդիսավոր նիստում.

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը դրա համար է, որ մենք ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը 29,743 քառակուսի կմ տարածք է։ Եվ այդ տարածքը պետություն է, որի խնդիրն իր քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Մի միլիմետր շեղում եղավ այս ամեն ինչից, բանակի մասին մենք ինչ խոսում ենք, նախ կանգնելու է: Եվ ի վերջո, ամենակարևոր շարակարգը անվտանգության, դա խաղաղությունն է. չկա ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը։ Եվ մենք այսօր դժվար, ծանր որոշումներով կառուցում ենք խաղաղություն»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացրած տարածքներին, այդ խնդիրը, ըստ վարչապետի, կլուծվի սահմանազատմամբ: Փաշինյանը, միևնույն ժամանակ, շեշտել է ուժեղ բանակ ունենալու կարևորությունը. «Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք»:

Ընդդիմությունից հակադարձում են վարչապետի հայտարարություններին

Ընդդիմադիրներն էլ իրենց հերթին պնդում են՝ Ադրբեջանի հետ խաղություն դեռ հաստատված չէ։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով.-«Սա ընդամենը նախընտրական զինադադար է, որն Ալիևը կնքել է Հայաստանի հետ միայն մեկ նպատակով, որ Հայաստանում ամրապնդի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այսինքն՝ իրեն պետք է, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնի Ադրբեջանի գեներալ-գուբերնատորի պաշտոնը Հայաստանում»։

Փաշինյանը նաև խոսել է բանակում հսկայական ներդումների ու բարեփոխումների մասին, հայտարարել՝ Հայաստանը վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերել։ Առանց թվեր նշելու՝ նա պնդել է, թե Երևանն այնպիսի որակի և պարամետրերի սպառազինություն է գնել, որ զինված ուժերը երբեք չեն ունեցել։

«Իսկ ինչու այս նույնը չի արվել 2018, 2019, 2020, 2021, 2022 թվականներին», հարց է բարձրացրել վարչապետն ու պատասխանել իր իսկ հարցին՝ պնդելով, թե սպառազինության և տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող գրեթե բոլոր միջազգային գործընկերները երկու հիմնական պատճառով են մերժել Հայաստանին զենք վաճառել:

«Մենք գործարանային արտադրության զենքի շատ քիչ մատակարարում ենք ունեցել, բայց 2022 թվականի դրությամբ մենք նույնիսկ 100 միլիոնավոր դոլարներ ունենք փոխանցած պայմանագրերով, զենքի մեր մատակարարումները չէր արվում։ Իսկ մյուս տեղերում մեզ նաև 2-րդ հիմնավորում, որ բերվում էր մեր զենքի գործարքներ չանելու համար, դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ լինելն է Հայաստանի Հանրապետության, իսկ իմ ասած մատակարարումների չանելուն զուգահեռ, նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ակնհայտորեն չէր կատարում իր պայմանագրային պարտավորությունները մեր նկատմամբ։ Եվ այն փոփոխությունները, որոնք այսօր բանակում հնարավոր է երկու որոշման արդյունքում է եղել, ես ուզում եմ մենք բոլորս շատ հստակ գիտակցենք. առաջին՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանավորվածությունները, որով մենք հայտարարել ենք, որ հենվելու ենք մեր միջազգային լեգիտիմության տրամաբանության վրա և 2-րդ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամությունը սառեցնելը։ Եթե երկու որոշումները չկայացվեր, հարգելի ներկաներ, մենք էս նշած բանակի բարեփոխումներից որևէ մեկը անելու հնարավորություն և առավելևս ժամանակ չէինք ունենալու»,- այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմությունից վարչապետի՝ զինուժի ձեռքբերումների մասին շեշտադրումներն արհեստական են համարում։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ նպատակը հասարակությանը շեղելն է ավելի կարևոր թեմաներից։

«Այն մարդիկ, ովքեր խոսում են զինտեխնիկայի ձեռբերման մասին, լավ կլինի խոսեն նաև այն մասին, թե իրենց վարած քաղաքականության հետևանքով Զինված ուժերի քանի միլիարդի զինտեխնիկա ու սպառազինություն է ոչնչացվել կամ որպես ավար հանձնվել Ադրբեջանին»,- երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ուժի պատգամավորը պնդում է՝ Հայաստանը 2018-ից առաջ էլ է մեծ թվով սպառազինություն ու ռազմական տեխնիկա ձեռք բերել։

«Այս տեսանկյունից եղել են բավարար հնարավորություններ և միջոցներ՝ ադրբեջանական շարունակական ագրեսիայի տարբեր դրսևորումները հետ մղելու և Ադրբեջանին իր տեղը ցույց տալու համար»,- շեշտում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ Ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ է վարչապետի հայտարարություններին թերահավատորեն վերաբերվում. «Իմ աչքի առաջ գալիս է այն տեսարանը, երբ որ ինքը առել էր Սու-30 ինքնաթիռները, գնացել, բարձրացել էր, ֆոտո էր անում, ցուցադրում էր, որ արդեն սրանով համարյա կանխվում է պատերազմի հնարավորությունը, որ ինչ լուրջ տեխնիկա են առնում, իսկ հետո պարզվեց, որ ինքը չի առել դրա հետ կապված հրթիռները, չի առել օդաչուների վերապատրաստման հետ կապված ծառայությունները»,- սա, ըստ Զուրաբյանի, տեղ չի թողել, որ վստահի Փաշինյանի խոսքին։

«Մենք ձեռք էինք բերել Մետալալոմ, որը պատերազմի ժամանակ ոչ մի դեր չկատարեց։ Հիմա, ես ո՞նց կարող եմ էդ մարդու ասածներին գալ էս բանից հետո վստահել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ քննադատել է գործող իշխանություններին՝ «տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար»:

«Քաղաքական ղեկավարության՝ իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար»,- ասված է երկրորդ նախագահի ուղերձում:

Կայուն խաղաղության երաշխիքը Քոչարյանը բանակի ուժն ու ոգին վերականգնելու մեջ է տեսնում, խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ նա հույս է հայտնել, թե իրենց «կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը»:

Ի տաբերություն երկրորդ նախագահի, երրորդ նախագահի ուղերձում իշխանությունների վերաբերյալ քննադատություն չկա:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերածներին։

Ուղերձում ընդգծել է.-«Հավերժ փա´ռք և երախտագիտությո´ւն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին»:

Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ իր ուղերձում հիշատակել է Արցախի համար նահատակվածներին.

«Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախի բռնազավթման պատերազմի ընթացքում մեր բանակի մարտիկները անվեհեր պայքար մղեցին, նահատակվեցին բազում հայորդիներ։ Նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ»,- ասված է կաթողիկոսի ուղերձում:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բանակի օրվա առիթով ուղերձ չի հղել։



XS
SM
MD
LG