Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեց Եռաբլուր, չպատասխանեց հարցերին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ Բանակի օրը այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն:

Աղոթքից և հոգեհանգստյան կարգ մատուցելուց հետո Վեհափառը հեռացավ: Լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների և եկեղեցու ղեկավարության միջև աննախադեպ սրված հակասություններին, ինչպես Վեհափառը, այնպես էլ նրան ուղեկցող հոգևորականները հրաժարվեցին պատասխանել:

«Սիրելիներ, ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում՝ չխաթարել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ: Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք: Եկել ենք այստեղ՝ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև և աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար: Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ և չխաթարել օրվա խորհուրդը ավելորդ հարցումներով», - լրագրողներին ասաց Գարեգին Երկրորդը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. - «Նորանկախ մեր պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության ու ազատության համար անվեհեր պայքարով: Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի։ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախի բռնազավթման պատերազմի ընթացքում մեր բանակի մարտիկները անվեհեր պայքար մղեցին, նահատակվեցին բազում հայորդիներ։ Նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ»։

«Հայրապետիս մաղթանքն է, որ Հայոց բանակը՝ իբրև մշտարթուն պաշտպանը մեր երկրի, շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները՝ իր արիությունն ու տոկունությունը շաղախելով առ Աստված հավատքով», - ասված է ուղերձում, որ հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հունվարի 27-ին էլ՝ Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Էջմիածնի Մայր Տաճարում կատարվել է հոգեհանգստյան կարգ:


XS
SM
MD
LG