Մատչելիության հղումներ

Հայաստանում ուզում են ռուսաստանցի սեփականատերերին ստիպել ազատվել ակտիվներից, պնդում են ՌԴ ԱԽ-ում

Հայկական երկաթուղին, արխիվ
Հայկական երկաթուղին, արխիվ

Հայաստանի իշխանությունները ցանկանում են արժեզրկել ռուսաստանյան ակտիվները՝ ստիպելու համար սեփականատերերին ազատվել դրանցից, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:

«Ֆիքսում ենք նախանշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում ռուսաստանյան արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Շևցովը:

Նրա խոսքով՝ «շրջանառվում են թեզեր դրանց անբավարար ֆինանսավորման, ներդրումային մթնոլորտի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության բնապահպանական վնասի, աշխատակիցների ցածր աշխատավարձի մասին»:

«Դա արվում է արժեզրկելու համար ռուսաստանյան ակտիվները և սեփականատերերին ստիպելու ազատվել դրանցից», - պնդել է ռուս պաշտոնյան:

Նման մարտավարությունը, Շևցովի համոզմամբ, «կդառնա ևս մեկ «կրակոց ոտքին» հայաստանյան տնտեսության համար»:

Նախօրեին էլ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն էր հայտարարություններ արել Հայաստանի վերաբերյալ՝ պնդելով, մասնավորապես, թե երկրի իշխանությունները ձգտում են խզել կապերը Ռուսաստանի հետ:

Անվտանգության խորհրդում Շոյգուի տեղակալն ակներևաբար նկատի ունի առաջին հերթին հայկական երկաթուղու շուրջ վերջին զարգացումները:

Հայկական կողմը տարեսկզբից Մոսկվային առաջարկում է հայկական երկաթուղու 30-ամյա ռուսական կոնցեսիան վաճառել բարեկամական երրորդ երկրի՝ պնդելով, որ Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի կառավարման պատճառով Հայաստանը տարածաշրջանում կորցնում է մրցակցությունը:

Ռուսաստանը, մինչդեռ, որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու շահագործման իր կոնցեսիոն իրավունքը որևէ մեկին փոխանցելու համար:



Տե՛ս նաև այստեղ





XS
SM
MD
LG