Հայաստան բնական գազի մատակարարումն իրականացվում է սովորական ռեժիմով, ռուսական «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Գազպրոմ Արմենիայից»:
«Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումն իրականացվում է սովորական ռեժիմով»,- գործակալությանը հայտնել են ընկերության ընկերության մամուլի ծառայությունից։
Սեպտեմբերի վերջին «Հրապարակ» թերթը, հղում անելով ռուսական իր աղբյուրներին, հաղորդել էր, թե Ռուսաստանը նախատեսում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը։
Հայաստանը գազի իր կարիքների գրեթե ողջ ծավալը բավարարում է ռուսական գազի միջոցով։ 2025 թվականին ռուսական «Գազպրոմը» Հայաստանին մատակարարել է մոտ 2.7 միլիարդ խորանարդ մետր գազ։
Հայաստան ևս 476 միլիոն խորանարդ մետր գազ տարեկան մատակարարվում է Իրանից «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում. Հայաստանն Իրանին մատակարարում է էլեկտրաէներգիա, որը հիմնականում արտադրվում է Հրազդանի ՋԷԿ-ում, իսկ Իրանը Հայաստանին մատակարարում է բնական գազ՝ 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կՎտ/ժ հարաբերակցությամբ։
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 177.5 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար։ Գազի գինն ամրագրված է պայմանագրով, որը գործում է մինչև 2026 թվականի վերջ 2027 թվականի սկիզբ։
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում արտոնյալ պայմաններով, մինչդեռ այլ երկրներից վառելիք ներմուծելը զգալիորեն ավելի թանկ կլինի Երևանի համար։
Վերջին շրջանում Ռուսաստան-Հայաստան լարված հարաբերությունների ֆոնին Մոսկվայից պարբերաբար ուղիղ և անուղղակի հայտարարում են, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, արտոնյալ պայմաններով է ստանում գազը և ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կզրկվի այդ արտոնությունից:
Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն էր վերջերս հայտարարել, որ
եթե Երևանը վերանայի Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերություններ, ապա կարող է զրկվել ռուսական գազի գնի հետ կապված արտոնություններից:
Չնայած Ռուսաստանից հնչող հայտարարություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը գազի հնարավոր թանկացման մասին որևէ ազդակ ռուսական կողմից չի ստացել:
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական բացասական ազդեցությունը մեծ չէ, մինչդեռ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։ Պապոյանը նաև ասել էր, որ գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի է: