Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. կազմակերպության անդամ երկրները շարունակում են Հայաստանը համարել դաշնակից

ՀԱՊԿ անդամ երկրնները շարունակում են Հայաստանը համարել դաշնակից, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը։

«Հենց սկզբից Հայաստանը եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն, որն արժանի ներդրում է ունեցել կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը համարել որպես դաշնակից», - հայտարարել է Մասադիկովը։

Նա հիշեցրել է՝ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ Երևանի հետ քննարկելու համատեղ աշխատանքներին Հայաստանի լիարժեք մասնակցության վերականգնման հետ կապված բոլոր հարցերը։

Վերջերս Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին նախատեսված գագաթնաժողովում: ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևն էլ օգոստոսի սկզբին ասել էր, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, թե կազմակերպության անդամ երկրները պատրաստվում են Հայաստանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել՝ անդամավճարը երկու տարի չվճարելու պատճառով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հունիսին նշել էր, թե իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Նա կարծիք էր հայտնել, որ եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։



XS
SM
MD
LG