ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը պարտվեց Իրանի դեմ պատերազմի պատճառով, X սոցցանցում գրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Նոյեմբերի 3-ին կայացած քվեարկության արդյունքներով՝ հանրապետականները կորցրին վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատներում էլ:
«Մեր պարտության պատճառը պատերազմն է։ Նախագահն ինքը խոստովանեց դա երեկ երեկոյան»,- գրել է Վենսը։ Նա հավելել է, որ ընտրությունների հիմնական խնդիրն այն էր, որ «2024 թվականին Թրամփին և Վենսին աջակցող շատ մարդիկ 2026 թվականին քվեարկել են դեմոկրատների օգտին»։
Հղում անելով անանուն սոցիոլոգի, որին Վենսը համարում է «քաղաքական ոլորտի ամենախելացի մարդկանցից մեկը», փոխնախագահը թվարկել է չորս կետ, որոնք, եթե կիրառվեն, հնարավոր կլինի վերականգնել հիասթափված ընտրողների ձայները։
Դրանց թվում են պատերազմի դադարեցումը, կյանքի արժեքի և գնաճի վրա կենտրոնանալը, «Ամերիկան առաջինը» քաղաքականության իրականացումը և Իսրայելի հետ հարաբերությունների վերանայումը։ Ներգաղթային քաղաքականությունը, սակայն, Վենսը չի համարել ընտրողների համար որոշիչ գործոն։
Թրամփը ևս համաձայն է, որ Իրանը վճռորոշ դեր խաղաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Վենսի մեկնաբանությանը, ասել է, որ փոխնախագահի պնդումը ճիշտ է: «Դա մեծ մասամբ ճիշտ է: Կարճաժամկետ հեռանկարում դա մի փոքր բարձրացրեց բենզինի գինը»,- ասել է նա՝ հավելելով, սակայն, որ չի փոշմանել Իրանի դեմ պատերազմի հարցում և կրկին կաներ նույնը:
Մինչ այդ ևս Թրամփը հայտարարել էր, որ հանրապետականների պարտության պատճառը մասամբ Իրանի դեմ պատերազմն էր: «Իրանն իր դերը խաղացել է», - ասել էր նա The Wall Street Journal-ին տված հեռախոսազրույցում:
Նախագահը հայտարարել էր, որ ընտրողների շրջանում ամենամեծ դժգոհությունը ոչ թե բուն պատերազմն է, այլ դրա հետևանքով վառելիքի գնաճը։ Թրամփը որպես հանրապետականների պարտության հիմնական պատճառ նշել էր իր անվան բացակայությունը քվեաթերթիկում։ «Հիմնական պատճառն այն է, որ ես քվեաթերթիկում չկայի», - ասել էր նա։
Հանրապետականները կորցնում են մեծամասնությունը
Նախնական տվյալներով՝ Հանրապետական կուսակցությունը կորցրել է առնվազն յոթ տեղ Սենատում և 29 տեղ Ներկայացուցիչների պալատում, մինչդեռ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ապահովել երկուսում էլ։
Այժմ հանրապետականները Սենատում ունեն 44 տեղ, իսկ դեմոկրատները՝ 54, ևս երկու տեղ աստիճանաբար կբաշխվի ձայների հաշվարկին զուգընթաց։ Ներկայացուցիչների պալատում ներկայումս կա 139 հանրապետական և 237 դեմոկրատ, ևս 59 տեղ պետք է բաշխվի։
2020 թվականի Սենատի ընտրություններում հանրապետականները ստացել էին 50 տեղ, դեմոկրատները՝ 48, իսկ անկախները՝ երկու: Իսկ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները ստացել էին 222 տեղ, իսկ դեմոկրատները՝ 213: