ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը հաղթում է Սենատի և Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրություններում և կվերցնի Կոնգրեսի վերահսկողությունը:
Չնայած քվեների հաշվարկը դեռ չի ավարտվել՝ արդեն պարզ է, որ դեմոկրատները կստանան Ներկայացուցիչների պալատի 435 տեղերից առնվազն 228-ը, իսկ հանրապետականները՝ առնվազն 139-ը։ Սենատի 100 մանդատներից դեմոկրատները ստանում են 54-ը, իսկ հանրապետականները՝ 44-ը:
Մի քանի նահանգներում դեմոկրատները հաղթել են նաև նահանգապետի ընտրություններում, այդ թվում՝ Օհայոյում, Այովայում, Կալիֆոռնիայում: Կոնկրետ Տեխասում դեմոկրատ թեկնածուն հաղթել է առաջին անգամ վերջին 30 տարում:
Առաջին անգամ ԱՄՆ պատմության մեջ
Այս ընտրությունների արդյունքներով մի քանի իրադարձություն ԱՄՆ պատմության մեջ տեղի է ունենում առաջին անգամ: Դեմոկրատ Քիշա Լենս Բոթոմսը կդառնա առաջին սևամորթ կինը, որ նահանգապետ է ընտրվում Ջորջիայում։
Նյու Հեմփշիրից Քրիս Փափասը կդառնա Սենատում պաշտոնավարող առաջին բացահայտ նույնասեռական տղամարդը։ Դեբ Հալանդն էլ Նյու Մեքսիկոյում կդառնա առաջին բնիկ ամերիկացի կին նահանգապետը, իսկ դեմոկրատ Քսավիե Բեսերան՝ Կալիֆոռնիայի առաջին լատինամերիկացի նահանգապետը:
Միչիգանից Աբդուլ էլ-Սայեդը կդառնա առաջին մուսուլման սենատորը։ Վերջինս, ի դեպ, դատապարտել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը և խոստացել պաշտպանել հայ և այլ ժողովուրդների իրավունքները:
Ընտրողները ոգևորված են
Դեմոկրատների աջակիցներին շատ է ոգևորել իրենց նախընտրած թեկնածուների հաղթանակը:
«Այն, որ մենք կարող ենք սա անել, նշանակում է, որ կարող ենք ավելի լավը լինել և ավելի լավ բաներ անել։ Եվ կարող ենք ունենալ այն, ինչ մեզ անհրաժեշտ է մեր կյանքում ... դա ամեն ինչ է»,- ասել է Տեխասի բնակիչ Ռոբ Տրեվինոն։
«Ահա սա է Տեխասը։ Այս արդյունքն արտացոլում է այն, ինչ ես տեսել եմ տեխասցիների հետ խոսելիս: Տեխասը վերջապես ներկայացվում է այնպիսին, ինչպիսին այն իրականում է»,- ասել է Տեխասի մեկ այլ բնակիչ Քեյթի Գրեհեմը։
Թրամփը շնորհավորել է դեմոկրատներին
ԱՄՆ նախագահն ընդունել է ընտրությունների արդյունքները, շնորհավորել դեմոկրատներին և խոստովանել, որ նրանք «լավ են աշխատել»: Fox News-ի հետ զրույցում էլ նա ասել է, որ պատրաստ է աշխատել նրանց հետ և միաժամանակ հիշեցրել վետոյի իր իրավունքի մասին:
«Ես վետոյի իրավունք ունեմ՝ նախագահի ամենաուժեղ լիազորություններից մեկը։ Նրանք անհեթեթ օրենքներ կուղարկեն, իսկ ես վետո կկիրառեմ։ Մի քանի ամիս վետո դնելուց հետո նրանք կզանգահարեն և կասեն՝ ինչպե՞ս գլուխ բերենք գործը։ Եվ մենք կաշխատենք միասին»,- ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ Իրանի դեմ պատերազմը վճռորոշ դեր խաղաց այս ընտրություններում: Վառելիքի բարձր գները, ըստ նրա, ազդեցին ընտրողների որոշման վրա:
Կոնգրեսում ուժերի բալանսը կփոխվի
Չնայած Թրամփը երկրի գլխավոր հրամանատարն է և լայն լիազորություններ ունի մի շարք հարցերում՝ դեմոկրատների հաղթանակը կփոխի Կոնգրեսում ուժերի հավասարակշռությունը. կուսակցությունն ավելի մեծ վերահսկողություն և ազդեցություն կունենա օրենքների ընդունման, ծախսերի, կարևոր նշանակումների, նաև Ռուսաստանի, Ուկրաինայի և Իրանի հարցերում ԱՄՆ քաղաքականության վրա:
Ռազմավարության և քաղաքականության New Lines ինստիտուտի ծրագրի ղեկավար Դանիա Արայսին «Ազատությանն» ասել է, որ դեմոկրատները կարող են արգելափակել Իրանում պատերազմի համար լրացուցիչ ֆինանսավորումը և հետաքննել վարչակազմի որոշումները։ Արդյունքում դեմոկրատները Թրամփին կարող են ստիպել պատերազմն ավարտել դիվանագիտական ճանապարհով:
«Դեմոկրատների հաղթանակը Ներկայացուցիչների պալատում և Սենատում անկասկած կդրդի Թրամփի վարչակազմին առաջ մղել պատերազմից դուրս գալու ռազմավարություն, մասնավորապես՝ դիվանագիտական գործիքների և բանակցությունների միջոցով»,- ասել է վերլուծաբանը:
Իրանից արդեն արձագանքել են հանրապետականների պարտությանը: Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որն ԱՄՆ-ի հետ Իրանի գլխավոր բանակցողներից է, ասել է, որ իրենց քվեարկությամբ «ամերիկացիները ոչ ասացին պատերազմին»: