Մատչելիության հղումներ

Սկսվել է «Հյուսիսային հոսքի» պայթեցման դատավարությունը

Գերմանիա - «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման գործով մեղադրյալ Սերգեյ Կուզնեցովը Համբուրգի դատարանում, 14-ը հոկտեմբերի, 2026թ.
Գերմանիա - «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման գործով մեղադրյալ Սերգեյ Կուզնեցովը Համբուրգի դատարանում, 14-ը հոկտեմբերի, 2026թ.

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք - 1» և «Հյուսիսային հոսք - 2» գազատարների պայթեցման գործով դատավարությունը, դատարանի առջև է կանգնել Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ.-ն, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը:

Ուկրաինացու ազգանունը պաշտոնական փաստաթղթերում չի նշվում՝ համաձայն անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության, սակայն լրատվամիջոցները հաղորդում են, որ խոսքը նախկին զինծառայող Սերգեյ (Սերհիյ) Կուզնեցովի մասին է: Քննությունը նրան Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից կես տարի անց Բալթիկ ծովի հատակով անցնող գազատարները պայթեցրած դիվերսանտների խմբի ղեկավար է համարում:

Դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակիցները պահանջում էին ուկրաինացու ազատ արձակումը:

Դատախազության ներկայացուցիչները դատարանում հաստատել են քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակվելուն, կենսապահովման համակարգերի աշխատանքը խաթարելուն հանցակցության, ինչպես նաև կառույցների պայթեցումը և ավերումը կազմակերպելու մեղադրանքները: Նրանք նաև հայտարարել են, որ քննության տվյալներով՝ Կուզնեցովը գործել է՝ կատարելով ուկրաինական իշխանությունների հրահանգը:

Պաշտպանական կողմը հայտարարել է, թե գազամուղների պայթեցումը առհասարակ չպետք է դիտարկվի իբրև հանցագործություն, քանի որ դրանք «օրինական ռազմական թիրախ էին», փոխանցում է Reuters-ը: Փաստաբանը նշել է, որ Ռուսաստանը գազատարն օգտագործել է իբրև «զենք», պայթյունների ժամանակ էլ ոչ ոք չի տուժել:

Deutsche Welle-ն էլ, վկայակոչելով պաշտպանական կողմին, հաղորդում է, որ մեղադրյալը հրաժարվելու է ցուցմունքներ տալուց, քանի որ նրա նախկին հրամանատարը՝ դիվերսիայի կազմակերպիչ համարվող Ռոման Չերվինսկին դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ գրելով, թե Կուզնեցովը նույնիսկ դատարանում իրավունք չունի պատմել ծառայության ժամանակ իր գործողությունների մասին, և այդ պարտավորությունները խախտելու դեպքում Ուկրաինայում նրան բանտարկություն է սպառնում:

Կուզնեցովին ձերբակալել են 2025 թվականին Իտալիայում՝ արձակուրդի ժամանակ, և արտահանձնել Գերմանիային: Քննության տվյալներով՝ 2022-ի սեպտեմբերի 26-ին դիվերսանտները՝ նրա գլխավորությամբ, պայթեցրել են «Հյուսիսային հոսքերի» չորս ճյուղերից երեքը: Գործով այլ ձերբակալված ևս կա՝ ջրասուզակ Վլադիմիր Ժուրավլյովը:

Գերմանիայում համարում են, որ գազամուղների պայթեցման ետևում Ուկրաինան է կանգնած, թեև Կիևին պաշտոնապես մեղադրանքներ չեն առաջադրվել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այդուհանդերձ, կտրականապես հերքում է Կիևի առնչությունը դիվերսիային:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG