Հունիսի 7-ի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակով պատգամավորի թեկնածու, նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ կեսգիշերին կալանավորվեց երկու ամսով՝ խորհրդարանական ընտրություններից առաջ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով: Նա մեղադրանքը չի ընդունում:
Գյումրիի ավագանիում վեց մանդատ ունեցող Գրիգորյանի թիմը երեկվանից պնդում է, թե այսպիսի քրգործերով երկրի իշխանությունները ցանկանում են «զավթել» Գյումրիի քաղաքապետի աթոռը: «Քաղաքացիական պայմանագիր»-ն, ի դեպ, չի թաքցնում, որ աչք ունի ընդդիմադիր իշխանություն ունեցող Գյումրիի վրա: Ուզում են արտահերթ ընտրություններ անցկացնել՝ կոռումպացված որակելով տեղի ղեկավարներին և պնդելով, որ նրանք տապալել են Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կառավարումը:
Կոռուպցիոն մեղադրանքով նախ բանտային, ապա տնային կալանքում գտնվող Գյումրիի քաղաքապետին փոխարինող փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը համակարծիք է «Մեր քաղաքը» խմբակցության հետ:
«Համակարծիք եմ էդ ամեն ինչի հետ, հնարավոր է նաև՝ սցենարներից մեկն է՝ հետապնդման և կալանավորման, որով ասում են, թե էս հոգեբանությամբ և էս քայլերով հնարավոր չէ էդպես երկիր կառուցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց փոխքաղաքապետը:
Քաղաքի կառավարման հարցում ճգնաժամ չկա, պնդում է Առաքելյանը: Ընդդիմադիր ուժերին այս պահին հաջողվում է իշխանությունը պահել Գյումրիում:
Մարտուն Գրիգորյանի թիմի հետ համաձայն է նաև «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը: Նա էլ է կարծում, որ քրեական գործով երկրի իշխանությունը նպատակ ունի ճգնաժամ առաջացնել ավագանիում և իշխանության գալ Գյումրիում: Շեշտելով, որ որևէ օրինական ճանապարհ այս պահին չկա, միևնույն ժամանակ չի բացառում իշխանության կողմից հնարավոր բոլոր քայլերը՝ իր նպատակին հասնելու համար:
«Մի ճանապարհ ունի՝ դա անել բռնաճնշումներով: Թե հիմա բռնաճնշումների մակարդակը էս ուժը ուր կհասցնի, ինձ թվում է՝ երևակայությանը շատ զոռ տալ պետք չի դա պատկերացնելու համար, որ եթե իրենք որոշել են էդ աթոռը զավթեն, ապա իրենք չեն կանգնելու ոչ մի բանի առաջ. եթե պետք լինի, Մարտուն Գրիգորյանի ընտանիքի բոլոր անդամներին կկալանավորեն, Կարեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին կկալանավորեն, Ռուբեն Մխիթարյանի ընտանիքի անդամներին կկալանավորեն: Էս մարդկանց մոտ կարմիր գիծ հասկացողություն չկա, իրենք վաղուց քաղաքականությունը բերել մտցրելեն բոլորիս ընտանիքներ», - «Ազատությանը» ասաց Մխիթարյանը:
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի գնահատմամբ՝ իշխանությունները իրավական գործընթացներով փորձում են լռեցնել ընդդիմադիրներին:
«Ընդդիմությունը հետնահանջ չի անելու», - պնդեց Սիմոնյանը:
Ընտրողն իր ընտրությունն արել է, շարունակում է խմբակցության ղեկավարը: Սիմոնյանը չի կարծում, որ ավագանու ընդդիմադիր թևից որևէ ուժ կընտրի 2024 թվականին «Բալասանյան» դաշինքի օրինակը, երբ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և որդու դեմ հարուցված քրեական վարույթը քաղաքի կառավարումից հրաժարվելու ու նոր ընտրությունների պատճառ դարձավ:
«Տաս տարեկան չենք, եթե մտել ենք պայքարի մեջ, ուրեմն պետք է հասկանանք, որ նաև լինելու է իրավական գործընթացների, գործ կարելու սխեմաներ, և այլն, և այլն: Հիմա գյումրեցին հո կրակը չի՞ ընկել՝ ձայնը տա, դու վախենաս կոմպրոմատից կամ իրավական գործից, հետնահանջ անես», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ հավելելով. - «Ես կարծում եմ, որ եթե ավագանին պինդ մնա իր տեղում, ուրեմն իրենց չի էլ հաջողվելու: Կկալանավորեն մեկին՝ հետևց մյուսը կգա»:
Իշխող ուժի պատգամավոր, Գյումրիի ավագանու նախկին անդամ Քնարիկ Հարությունյանն, այնինչ, ընդդիմադիր ուժերին հակադարձում է՝ կոնկրետ Մարտուն Գրիգորյանի կալանավորումը ոչ մի կապ չունի քաղաքական գործընթացների հետ, զուտ իրավական է:
«Ոչ թե մարդիկ քաղբանտարկյալներ են, այլ ուղղակի եկել է պատասխանի, և՛ քաղաքական, և՛ իրավական առումով պատասխանատվություն կրելու, ես ուղղակի ծանոթ եմ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը, որ կա ընտրական հանցագործության դեպքով վարույթ, որի շրջանակներում տեղի է ունեցել Մարտուն Գրիգորյանի ձերբակալումըև հետո արդեն երկամսյա ժամկետով կալանավորումը: Գործընթացը բացառապես իրավական է», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Քնարիկ Հարությունյանը ՏԻՄ ու վերջին խորհրդարանական ընտրությունների թվերն է համեմատում՝ պնդելով, որ Մարտուն Գրիգորյանը քաղաքական գործոն չէ, ու իշխանությունը մտավախություններ չունի. - «ՏԻՄ ընտրությունների ժամանակ Մարտուն Գրիգորյանը, մոտարկված թիվ եմ ասում, հավաքել էր 7 հազար 400 ձայն: Ընդամենը մեկ տարի անց, համապետական ընտրությունների ժամանակ, երբ Մարտուն Գրիգորյանը հանդիսանում էր արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը, Գյումրիում իր գլխավորությամբ հավաքել է 2 հազար 300 ձայն: Եվ կարծում եմ՝ մեկ տարի հետո այս ցուցանիշը ավելի քան խոսուն է, և Մարտուն Գրիգորյանը այլևս գործոն չէ Գյումրիում»:
Իշխանական պատգամավորը կրկին վերահաստատեց վարչապետի պնդումը, թե Գյումրիում պետք է արտահերթ ընտրություններ կայանան՝ մատնանշելով մի շարք խնդիրներ: Վստահեցրեց՝ ամեն ինչ օրինական ճանապարհով կանեն, բայց այդպես էլ չնշեց, թե որ ճանապարհով: