Մատչելիության հղումներ

Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվեց

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

Գրիգորյանը մեղադրվում է նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար։ Նա մեղքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ։

Խոսքը դեռ մայիսին հարուցված քրեական գործի մասին է։ Այդ ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել՝ պնդելով, որ Գրիգորյանն ընտրական շրջանում ընտրողներից մեկին տան վերանորոգման համար շինանյութ է տվել։

Մայիսի 22-ին իրավապահները շուրջ յոթ ժամ խուզարկել էին նաև Գրիգորյանի տունը, մեքենան և ԲՀԿ-ի նախընտրական շտաբը՝ փաստաթղթեր ու համակարգիչներ առգրավելով։

Գրիգորյանի պաշտպանը քրեական հետապնդումը քաղաքական է համարում։ Նա հարց է բարձրացնում, թե ինչու իրավապահները երեք ամիս առաջ հարուցված գործով Գրիգորյանին կալանավորելու հարցը բարձրացրին հիմա՝ երբ ավարտվել են նախորդ խորհրդարանի լիազորությունները, և նա այլևս պատգամավորական անձեռնմխելիություն չունի։

Փաստաբանը դա կապում է նաև Գյումրիում սպասվող արտահերթ ընտրությունների հետ։ Գրիգորյանի թիմակիցներն անցած տարի աջակցել էին ընդդիմադիր Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելու հարցում։

XS
SM
MD
LG