Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ:
«Ողջունել եմ առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում՝ կարևորելով վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը, ինչպես նաև դիմակայունության ամրապնդմանն ուղղված կարողությունների զարգացման շուրջ իրականացվող միջոցառումները»,- ասված է Գրիգորյանի տարածած հայտարարությունում։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։
Նախօրեին հաղորդվեց, որ Եվրամիության խորհուրդը մեկնարկում է Հայաստանում Եվրամիության գործընկերային առաքելությունը («EUPM» Հայաստան) Անվտանգային և պաշտպանական ընդհանուր քաղաքականության շրջանակում: Այդ խորհրդատվական քաղաքացիական առաքելության նպատակն է աջակցել հայաստանյան իշխանություններին՝ բարելավելու երկրի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և զարգացող անվտանգային մարտահրավերները հասցեագրելու կարողությունները, ասված է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:
Մոտ մեկ ամիս առաջ «Ազատության» աղբյուրները Բրյուսելից հաղորդել էին, որ Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին։
Եվրամիության արտաքին գործերի նախարարներն արդեն «կանաչ լույս» էին վառել Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին: