Մատչելիության հղումներ

Գրիգորյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրն ու ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները:

Հաղորդվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակում Գրիգորյանը ներկայացրել է առկա տնտեսական ներուժը, քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նախորդ շաբաթ այցելել էր Ադրբեջան, Իլհամ Ալիևի հետ քննարկել էին վաշինգտոնյան հանդիպման արդյունքները: Այցի շրջանակում Գրոնոն մեկնել էր Նախիջևան:

Գրոնոյի խոսքով՝ Նախիջևան այցի ընթացքում ինքը հանդիպել է ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլիի հետ։

«Տեղում ծանոթացա նաև տրանսպորտային ենթակառույցներին՝ [դրանց վերագործարկմանը] ԵՄ հնարավոր ներգրավվածության կոնտեքստում», - գրել է ԵՄ բանագնացը։

XS
SM
MD
LG