Ղրիմի կամուրջը վնասվել է, բանակցություններին Եվրոպայի մասնակցությունը հարցականի տակ է

Ղրիմի կամրջին Ուկրաինայի կողմից հարվածների հետևանքները
Ղրիմի կամրջին Ուկրաինայի կողմից հարվածների հետևանքները

Ռուսաստանը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարբեր շրջանների, կան զոհեր և վիրավորներ: Կիևում ռուսական զինուժը բալիստիկ հրթիռներով հարվածել է Հյուսիսային և Հարավային կամուրջներին:

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ երկու կամուրջների վրա էլ դադարեցվել է երթևեկությունը, մինչ մասնագետներն ուսումնասիրում են վնասի չափը:

Հարձակման են ենթարկվել նաև Զապորոժիեն, Խարկովն ու այլ շրջաններ։ Ռուսական հարվածների հետևանքով 700,000 մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել:

Այսօր ավարտվել են նաև Զապորոժիեի մարզի Կամիշևախա ավանին երկու շաբաթ առաջ հասցված հրթիռային հարվածներից տուժածների որոնողափրկարարական աշխատանքները. 72 մարմին է գտնվել:

Ըստ «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի՝ սա ռուսների կողմից ամենամահաբեր հրետակոծությունն է 2022-ին Մարիուպոլի դրամատիկական թատրոնին հասցված հարվածից հետո, որն առնվազն 300 մարդու կյանք էր խլել:

Ղրիմի կամուրջը մասամբ փլուզվել է

Ուկրաինան իր հերթին հարվածել է Ռուսաստանի տարբեր շրջանների, այդ թվում՝ Ղրիմի կամրջին: Ուկրաինական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ ՝ անօդաչուի հարվածից մասամբ փլուզվել է կամրջի կամարներից մեկն ու երթևեկելի գոտու մի մասը:

Անօդաչուների պատճառով Ռուսաստանի մի շարք օդանավակայաններ գիշերը սահմանափակումներով են աշխատել, բազմաթիվ չվերթներ չեղարկվել կամ ուշացումով են իրականացվել:

Դիվանագիտությունը շարունակվում է

Փոխադարձ այս հարվածներին զուգահեռ շարունակվում է դիվանագիտական աշխատանքը՝ դադարեցնելու արդեն հինգերորդ տարին շարունակվող պատերազմը:

Նախագահ Զելենսկին հայտնել է, որ Եվրոպայի ներկայացուցիչները որպես պատվիրակություն երեկ առաջին անգամ մասնակցել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի տեսակապով անցկացված բանակցություններին:

«Դիվանագիտական ջանքերն ակտիվորեն շարունակվում են, և հույս ունենք, որ դրանք ապարդյուն չեն լինի։ Մեր թիմն աշխատում է հնարավորինս կառուցողական։ Մեզ անհրաժեշտ է, որ պատերազմն ավարտվի արժանապատվորեն և Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրվեն»,- երեկոյան ուղերձում ասել է Զելենսկին:

Մյուս կողմից դեռ անորոշ է Եվրոպայի մասնակցության հարցը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներն անցած շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Մոսկվան և Կիևը համաձայնել են Եվրոպայի մասնակցությանը:

Մոսկվայի հետ չի «համաձայնեցվել»

Սակայն Ռուսաստանի նախագահի օգնականն այսօր պնդել է՝ դա Մոսկվայի հետ չի համաձայնեցվել: Յուրի Ուշակովի խոսքով՝ դեռ շատ բան պետք է արվի նման համաձայնության հասնելու համար. գուցե անհրաժեշտ լինի եռակողմ բանակցությունների ևս մեկ կամ մի քանի փուլ անցկացնել:

«Երբ մենք եվրոպացիներից հստակ ազդակներ ստանանք, թե իրականում ինչ են նրանք ուզում և կառուցողական ու իմաստալից ինչ առաջարկներ կարող են անել Ուկրաինայում հաջող կարգավորում ապահովելու համար, այդ դեպքում, թերևս, կառաջանա նրանց մասնակցության հարցը»,- ասել է Ուշակովը:

Թրամփը լավատես է

Չնայած Մոսկվայից հնչող այս հայտարարություններին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է հակամարտության կարգավորմանը:

«Կարծում եմ՝ նա մի փոքր նահանջում է։ Կարծում եմ՝ նա կարող էր ավելի կոշտ լինել։ Անկեղծ ասած ... Կարծում եմ՝ նա կցանկանար, որ ամեն ինչ ավարտվեր»,- ասել է նա։

Թրամփը, սակայն, չի մանրամասնել, թե ինչու է հակված այդպես կարծելու:


​
XS
SM
MD
LG