Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել պահեստավորման ընդունել Իրանի հարստացված ուրանի պաշարները, եթե Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության հասնեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, ըստ Financial Times-ի, հայտնել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
Խոսքը Իրանի՝ մինչև 60 տոկոս հարստացված 440 կիլոգրամ ուրանի մասին է։ Փորձագետների գնահատմամբ՝ եթե այն հետագայում հարստացվի մինչև 90 տոկոս, այդ ծավալը կարող է բավարարել մոտ տասը միջուկային մարտագլխիկի արտադրության համար։
Նախօրեին լրատվամիջոցները, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել էին, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են ներկայիս հրադադարը ևս 60 օրով երկարաձգել, և այդ ընթացքում շարունակել բանակցությունները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նիստ է անցկացրել Իրանի հետ հնարավոր համաձայնագրի հարցով:
Նիստից առաջ ԱՄՆ նախագահն իր Truth Social սոցցանցում գրել էր, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից, վերաբացի Հորմուզի նեղուցը, հեռացնի ծովային ականները և համագործակցի ԱՄՆ-ի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ բարձր հարստացված ուրանի պաշարները վերացնելու ուղղությամբ: