Մատչելիության հղումներ

Գերմանիան հայտարարում է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը «սպասելի» էր

Եվրոպացիները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն իրենց անվտանգության համար, այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ի պատասխան Գերմանիայից 5000 զինծառայողներին դուրս բերելու ԱՄՆ-ի ծրագրի վերաբերյալ հայտարարության։

«Գերմանիան այս առումով ճիշտ ուղու վրա է»,- ասել է Պիստորիուսը՝ մատնանշելով Բունդեսվերի զինված ուժերի ընդլայնումը, սարքավորումների ավելի մեծ և արագ ձեռքբերումը և ենթակառուցվածքների կառուցումը։

Պենտագոնը նախօրեին հայտարարեց, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակից Գերմանիայից դուրս կբերի 5000 զինծառայողի։

Պիստորիուսը Գերմանիայում տեղակայված ԱՄՆ զորքերի ներկայիս թիվը գնահատել է «գրեթե 40,000»:

Վաշինգտոնի կողմից պաշտպանական ծախսերի վերաբերյալ կոշտ քննադատությունից հետո՝ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները, այդ թվում՝ Գերմանիան, խոստացել են ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել իրենց սեփական պաշտպանության համար:

Սակայն սուղ բյուջեի և ռազմական կարողությունների հսկայական բացերի պայմաններում տարիներ կպահանջվեն սեփական անվտանգության կարիքները բավարարելու համար, գրում է Reuters-ը:

«Ամերիկացի զինվորների ներկայությունը Եվրոպայում, և հատկապես Գերմանիայում, մեր և Միացյալ Նահանգների շահերից է բխում», - ասել է Պիստորիուսը։

Այնուամենայնիվ, «կանխատեսելի էր, որ ԱՄՆ-ն զորքերը դուրս կբերի Եվրոպայից, այդ թվում՝ Գերմանիայից», - հավելել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:

XS
SM
MD
LG