ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հավանաբար» կքննարկի Իտալիայից և Իսպանիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը՝ քննադատելով ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին չաջակցելու համար։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը պնդել է, թե Իտալիան «որևէ կերպ չի օգնել» Միացյալ Նահանգներին, իսկ Իսպանիային որակել է «բացարձակ սարսափելի»։ Նրա դժգոհության պատճառը, ըստ հաղորդումների, այն է, որ Մադրիդն ու Հռոմը թույլ չեն տվել Իրանի դեմ գործողություններին մասնակցող ամերիկյան ռազմական ինքնաթիռներին օգտագործել իրենց տարածքում գտնվող ռազմաբազաները։
Թրամփի այս հայտարարությունները հաջորդել են Գերմանիայից ամերիկյան զորքերի թվի հնարավոր կրճատման մասին ավելի վաղ հնչեցրած սպառնալիքներին։ Իսպանիան, Իտալիան և Գերմանիան քննադատել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները։