Մատչելիության հղումներ

Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնի, արխիվ
Կանադայի վարչապետ Մարկ Քարնի, արխիվ

Հաջորդ շաբաթ եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու, տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից։ Մարկ Քարնին կլինի եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ եվրոպացի առաջնորդը, ով որպես հյուր կմասնակցի այս հավաքին։ Ըստ «Ազատության» տեղեկությունների, Կանադայի վարչապետին հրավեր են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գագաթնաժողովը կանցնի «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։

«Երևանում քննարկումները կկենտրոնանան ժողովրդավարության դիմադրողականության ամրապնդման, հաղորդակցությունների զարգացման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա։ Մասնակիցները կքննարկեն՝ ինչպես կարող են ավելի սերտ համագործակցելով և համակարգված գործողություններով նպաստել ավելի դիմացկուն, անվտանգ և միասնական եվրոպական տարածքի ստեղծմանը», - հայտարարել է Եվրահանձնաժողովը։

Գագաթնաժողովին հրավիրված են ԵՄ անդամ 27 երկրները, ինչպես նաև գործընկեր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ առայժմ ո՛չ Բաքվից, ո՛չ Անկարայից չեն արձագանքել Երևանի մասնակցության հրավերներին։

«Բրյուսելում ակնկալում են, որ Ուկրաինայի նախագահը կընդունի հրավերն ու կժամանի Երևան»,-փոխանցում են «Ազատության» աղբյուրները։

Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումները մեկնարկել են 2022-ից՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։ Դրանք անցկացվում են տարին երկու անգամ՝ ԵՄ անդամ և ոչ անդամ պետություններում՝
եվրոպական աշխարհամասի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը ամրապնդելու, փոխադարձ հետաքրքրող թեմաներ քննարկելու համար։ Մինչ այդ գագաթնաժողովները հյուրընկալել են Չեխիան, Մոլդովան, Ալբանիան, հաջորդը՝ Երևանից հետո կանցկացվի Իռլանդիայում այս տարվա նոյեմբերին։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG