Եվրոպան պետք է դադարեցնի Ուկրաինային գումար ուղարկելը, եթե իսկապես լուրջ է տրամադրված իր տնտեսությունը խթանելու հարցում, ԵՄ առաջնորդների հետ հանդիպման մեկնելիս հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Ձեր գումարը մի՛ ուղարկեք ուրիշին, եթե այն ձեզ պետք է ձեր իսկ մրցունակության համար, հետևաբար՝ մի ուղարկեք այդ գումարը Ուկրաինա»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ-ում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ամենամոտը համարվող Օրբանը։
2025 թվականի վերջի պաշտոնական տվյալների համաձայն՝ ԵՄ-ն և անդամ պետությունները 2022-ի փետրվարին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր Կիևին տրամադրել են շուրջ 177 միլիարդ եվրո (210 միլիարդ դոլար) ռազմական, տնտեսական և քաղաքական աջակցություն։
Բացի այդ, միությունը հաստատել է 90 միլիարդ եվրոյի վարկ, որը նախատեսված է առաջիկա երկու տարիներին Կիևի ֆինանսավորումը պահպանելու համար։
Եվրոպական միության 27 երկրների համախառն ներքին արդյունքը կազմում է գրեթե 18 տրիլիոն եվրո։
Հունգարիան հաճախ խնդիր է առաջացրել ԵՄ առաջնորդների համար Ուկրաինայի հարցում։ Չնայած Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրեց Ռուսաստանի ներխուժումից օրեր անց, այն չի կարողացել առաջ տանել անդամակցության բանակցությունները Օրբանի կողմից կիրառված վետոների պատճառով։