Bloomberg-ի փոխանցմամբ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների նոր փուլը հնարավոր է տեղի ունենա հաջորդ շաբաթ՝ փետրվարի 17-ին կամ 18-ին, ԱՄՆ-ում:
Սակայն, դեռևս պարզ չէ, թե արդյոք Ռուսաստանը կհամաձայնվի բանակցություններ վարել Միացյալ Նահանգներում։
Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները նախկինում երկու անգամ հանդիպել են Աբու Դաբիում, բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններից հետո հայտարարեց, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնության են եկել 314 ռազմագերիների փոխանակման շուրջ, որը տեղի է ունեցել հինգշաբթի օրը։ Սա հինգ ամսվա ընթացքում առաջին նման փոխանակումն էր։ Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆը հայտնել էր, որ Աբու Դաբիի «քննարկումները կառուցողական էին և կենտրոնացած էին այն բանի վրա, թե ինչպես ստեղծել պայմաններ երկարատև խաղաղության համար»։
Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ Ուկրաինան կողմ է ցանկացած դիվանագիտական ձևաչափի, «որը կարող է իրատեսորեն մոտեցնել խաղաղությունը և դարձնել այն հուսալի, երկարատև և այնպիսին, որը կզրկի Ռուսաստանին պատերազմը շարունակելու ցանկությունից»։ Ռուսաստանի նախագահի բանագնաց Կիրիլ Դմիտրիևն էլ հայտարարել էր, որ առաջընթաց և դրական տեղաշարժ կա։