Վրացական անցակետում 12 օր մնացած բեռնատարի վարորդն արձագանքում է էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը, թե Թբիլիսին պնդել է, որ «որոշ ապրանքների հետ կապված ռիսկեր են տեսել»:
«Որ ասում է՝ դակումենտի հետ խնդիր կա, Վրաստանի մեր գործընկերների հետ աշխատել ենք, բա որ վարորդը մոտենում է, հարցնում է, ասում են՝ սպասեք, խի՞ չեն ասում՝ քո դակումենտները սխալ են, կամ երբ դզին, ուղարկեցին, որ թողեցին», - ասաց վարորդը:
«Մի քանի օր առաջ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն էր այստեղ, ըստ էության, նշեց, որ Վրաստանի ֆինանսական ոստիկանությունն է, ինքը 2 օր հետո կապ հաստատեց ինձ հետ և նշեց, որ ինչ-որ ապրանքների հետ կապված ինչ-որ ռիսկեր են տեսել: Այնուամենայնիվ, ես խնդրել եմ պարզաբանել՝ ինչ ռիսկերի մասին է», - ասել էր նախարարը:
Վրացական անցակետերում շուրջ 2 շաբաթ մնացած բեռնատարների վարորդներն օրերս դիմել էին «Ազատությանը»՝ պատմելով, որ վրացական կողմն առանց բացատրության կանգնեցրել է իրենց բեռները ու չի թողնում Հայաստան մտնել: Այս վարորդները շինանյութ են ներկրում:
Նախարար Գևորգ Պապոյանը վրացական կողմից ստացե՞լ է իր ճշտող հարցերի պատասխանները, թե կոնկրետ ինչ ռիսկերի մասին է խոսքը, կամ ո՞ր վարորդների փաստաթղթերի հետ են խնդիրներ ծագել. Էկոնոմիկայի նախարարությունից այսօր ողջ օրը չարձագանքեցին «Ազատության» այս հարցերին:
Նախարարի երեկվա հայտարարությունից նեղսրտած ու զայրացած վարորդներից մի քանիսն այսօր «Ազատությանն» ասացին՝ Պապոյանը փորձե՞լ է անմիջական կապ հաստատել իրենց կամ այդ շինանյութի պատվիրատուների հետ, որ հասկանա՝ ինչի մասին են խոսում վրացիները. «Գևորգ Պապոյանն ինչի՞ց է խաբար, ինչ-որ մի վարորդի հետ խոսացե՞լ եք, վարորդին մոտեցել, ասե՞լ են, որ դակումենտը սխալ է: Ասում են՝ սպասեք, մինչև մենք ձեզ կմոտենանք»:
Պաշտոնական Թբիլիսին էլ առայժմ հրապարակային մեկնաբանություն չի արել։ Նախորդ շաբաթ Հայաստանում էր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին: Սակայն Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում սահմանային այսպիսի խնդիրների մասին ոչ մի հիշատակում չկար, վրացի նախարարը նշել էր՝ գոհ է բանակցություններից:
Վարորդները հիշեցնում են՝ նախկինում էլ ալկոհոլ տեղափոխող հայկական մեքենաներն էին շաբաթներով, հաճախ նաև ամիսներով մանրակրկիտ զննություն անցնում անցակետում, այնինչ Վրաստանը տարանցիկ երկիր է, ու այդ ալկոհոլը Ռուսաստանում էր վաճառվում: Այս բողոքներից հետո, միևնույնն է, վրացական կողմը շարունակում է ստուգել իր տարածքով Ռուսաստան վաճառքի գնացող հայկական կոնյակը, պարզապես անցակետերում ավելի կարճ են մնում բեռնատարները:
Վարորդներից մեկը, որ ցանկացավ անանուն մնալ, ասում է՝ հետագայում հատկապես անցակետերում խնդիրներ են ունենում, եթե իրենց ճանաչում են. «Նորմալ աշխատել ենք, միանգամից վերցնում են, որ սաղին պետք է պահեն, ստուգում անեն: Լավ թող 10 մեքենան ստուգում անեն, եթե կասկածելի բան կար բեռի կամ դակումենտի հետ, միանգամից 70-80 մեքենա կանգնեցնո՞ւմ են, ստուգո՞ւմ»:
Նաև հեղուկ գազով բեռնված մեքենաների վարորդներն էին բողոքում՝ վրացական սահմանին կաշառք են պահանջում իրենցից, ինչի հետևանքով գազի գինը Հայաստանում բարձրանում էր:
Լարսով անցնող հայ-վրացական սահմանը Հայաստանի համար Ռուսաստանի հետ միակ ցամաքային ճանապարհն է։ Սահմանին ստեղծված ցանկացած խոչընդոտ անմիջապես ազդում է ներմուծումների, գների և ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա։ «Ազատության» զրուցակիցը պնդեց՝ քաղաքական խնդիր է, թեև իրենք դեմ չեն ու պատրաստ են բոլոր ուղղություններով բեռներ տանել ու բերել, բայց ասում են՝ հնարավորություն չի ընձեռում պետությունը. «Մեր երկիրը հելել է Ռուսաստանի դեմ, մեր 90-99 տոկոսը Ռուսաստանից է գալիս»:
Ավելի վաղ նախարար Պապոյանը հայտարարել էր, որ դիմել է իրավապահներին՝ տարբեր խոսակցությունների և հնարավոր ներգրավվածությունների վերաբերյալ, սակայն, ըստ նրա, որևէ վարորդ կամ ներմուծող պաշտոնական հաղորդում չի ներկայացրել իրենցից պահանջվող կաշառքի մասին, և հարցը զարգացում չի ստացել։
Վարորդները հակադարձում են՝ պետական կառույցների հնարավորություններն ավելի մեծ են ճշտումներ անելու համար, ինչո՞ւ են այդ բեռը վարորդների վրա դնում: