Մատչելիության հղումներ

Ազատում հրդեհից զոհված զինվորների ծնողները հանդիպեցին վարչապետ Փաշինյանին


Ազատի զորամասի կացարանում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներից հետո ի վերջո հանդիպեցին վարչապետ Փաշինյանին։ Շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո, սակայն, հարազատները խուսափեցին լրագրողների հարցերին պատասխանել ու ներկայացնել՝ ի՞նչ են խոսել վարչապետի հետ ու արդյոք ստացել են իրենց հարցերի պատասխանները։

«Մենք հանդիպել ենք, ուղղակի քննարկել ենք հարցեր, այն հարցերը, որ կարող է ինքը ճիշտ տեղեկացված չէր, ընդհանուր քննարկում է եղել, փակ խոսակցություն է եղել, ոչ մի բան չենք կարա ասենք», - նշեց զոհված զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը:

Զոհված ժամկետայինների ծնողները վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ հանդիպման պահանջով անցած շաբաթավերջին կառավարության շենքին հարող փողոցներն էին փակել, դրանից առաջ էլ՝ Սևան-Երևան մայրուղին։ Հանդիպում, սակայն, այդպես էլ չէր կայացել։

Ծնողներն ավելի քան 3 ամիս է՝ ուզում են իմանալ՝ ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել հրդեհից առաջ։ Դեպքից ժամեր անց շրջանառության մեջ մտած պաշտոնական վարկածին չեն հավատում, թե կապիտանը վառարանն է ուզել թեժացնել, ինչից հրդեհ է բռնկվել։ Պաշտոնական վարկածի մասին առաջինը հենց վարչապետն էր խոսել։ Մինչև կառավարությունում հյուրընկալվելը զոհերից Արամ Մանուկյանի պապն «Ազատությանը» դժգոհել էր, որ իրավապահները կենտրոնացել են մեկ վարկածի վրա։

«Փաշինյանն ասաց, տենց էլ գնում է, այդ առաջին վարկածը շրջանառության մեջ, դա աբսուրդ է, ես հիմա իմ մոտ ունեմ բոլոր երեխաների նկարներն՝ այրված, դա, որ տեսնեն... բոլորն իրանց քնած վիճակում այրվել են: Իրանց վայեննի սնունդն են թունավորել, թե՝ տեռոր է... դե իրանք պիտի մեզ ասեն էլի», - նշեց Մանուկյանը:

Ըստ պաշտոնական վարկածի, հրդեհի պատճառ դարձած կապիտան Եղիշե Հակոբյանը մեղադրվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։ Գործով նաև մեղադրվում են հակահրդեհային կանոնների պահպանման համար պատասխանատու 4 զինվորական։ 5 մեղադրյալներից, սակայն կալանավորված են 3-ը, նրանց թվում է Եղիշե Հակոբյանը։ Կապիտանը հարցաքննվել էր դեպքից մի քանի օր անց, սակայն հարցաքննությունն ընդհատումներով շարունակվում է ավելի քան 3 ամիս։ Այսօր էլ վարույթն իրականացնող մարմին է հրավիրվել՝ հարցաքննության շարունակության համար, «Ազատության» այսօր փոխանցեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ Նա ևս պնդում է՝ զինվորները հրդեհից չեն մահացել։

«Ոչ, հրդեհից չեն մահացել, էդ մարդիկ ի վիճակի չեն եղել դուրս գալու, պարզապես չեն կարողացել, ինչո՞ւ չեն կարողացել, ինչո՞ւ բացահայտված չեն այս հանգամանքները, տուժողները սա են ասում, մենք էլ ենք դա ասում և դա ասում ենք ոչ թե նոր, այլև ասում ենք արդեն երեք ամիս», - նշեց Սարգսյանը:

Դատաբժշկական եզրակացություններից մեկի համաձայն՝ ժամկետայինների մի մասը շմոլ գազից և այրվածքային շոկից են մահացել, իրավապահները դեռ քննում են կրակի տարածման, կացարանից զինծառայողների դուրս գալու հնարավորության հանգամանքները։

15 զինծառայողի կյանք խլած ողբերգական դեպքից հետո թեև եղան պաշտոնանկություններ, բայց դա շրջանցեց Պաշտպանության նախարարին, որը զոհերի ծնողներին դեռ չի հանդիպել։




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG