16 տարվա պայքար ու հիասթափություն. պետությունից արդարադատություն պահանջող որդեկորույս Նանա Մուրադյանը շաբաթ օրը Արմավիրի փողոցներում մոտեցավ այնտեղ քարոզարշավ անող վարչապետին, փորձեց բացատրել իր դժգոհությունը, բայց այդպես էլ չհասկացվեց:
«Այո, խաբված ենք զգում: Հույս ունեինք, հեղափոխություն եղավ, մենք շատ ոգևորված էինք՝ մայրերովս, մեր ընտանիքներով, ոգևորված էինք, ասում էինք՝ մի բան փոխվեց, վերջապես, մի բան կփոխվի: Ոչինչ էլ չի փոխվել, նորից նույն բանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մուրադյանը:
Որդու՝ 18-ամյա Վալերիկ Մուրադյանի մահվան վարկածն ինքնասպանություն էր թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանության օրոք: Զինվորին կախված էին գտել զորամասում:
Ծնողները, սակայն, տարիներ շարունակ պնդում են՝ տղային սպանել են, հետո՝ կախել: Նանա Մուրադյանի համար Արմավիրի այդ կարճ հանդիպումը ևս մեկ անպատասխան մնացած աղաղակ էր։
«Գործը գնացել ա դատարան», - ասում էր վարչապետը;
«Գնացել ա դատարան, գնացել ա դատարան գործը, բայց ի՞նչ ձևի ա գնացել՝ էլի ինքնասպանությանը հասցնելով: Մենք ասում ենք՝ մեր էրեխեքի սպանության գործերը պետք է վերաորակում ստանան, հոդվածները փոխվեն: Որովհետև իմ էրեխեն ինքնասպան չի եղել, սպանել են իմ էրեխուն, փաստերը կա», - պնդում էր որդեկորույս մայրը:
«Ես ի՞նչ պետք ա անեմ, մի հատ ասեք՝ ես ինչ պետք ա անե՞մ: Հարգելիս, գործը վերաորակվում ա փաստական հիմքի վրա: Մենք ձեզ խոստացել ենք, որ գործը կքննենք, կուղարկենք դատարան: Գործը քննվել ա, ուղարկվել դատարան, հիմա դատարանում պետք ա որոշվի: Ինձ հանդիպեք, չհանդիպեք, հենա հանդիպում եք, ես չեմ կարա ոչ մի բան անեմ», - պատասխանում էր Նիկոլ Փաշինյանը:
Ի՞նչ քննություն, եթե նույն՝ ինքնասպանության վարկածն է, նեղսրտում է սուգը սրտում փողոցում արդարադատություն փնտրող մայրը:
«Մեզ տվել են այ էս եզրակացությունները, կոնկրետ իմ գործով 81 էջ: 81 էջ, բայց բազմաթիվ մեջը փաստեր, որ ամբողջ քրեական գործը խախտումներով են արել, ոչ մի իրեղեն ապացույց չեն վերցրել, ի սկզբանե ամեն ինչը ոչնչացվել ա, հետքերը վերացվել ա, ոչ մի բանը չի համապատասխանում», - «Ազատությանը» ասաց Նոնա Մուրադյանը:
Տարիներ առաջ վարչապետի օգնականը՝ այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ուսումնասիրել էր Վալերիկ Մուրադյանի գործի հատորները, արձանագրել քննության թերությունները:
«Քրեական գործում առկա են ինքնասպանության վարկածը կասկածի տակ դնող մի շարք հանգամանքներ», - նշված է այն ժամանակ վարչապետի օգնականի կազմած զեկույցում: Աշխատանքային խումբը Քննչականին բազմաթիվ առաջարկներ էր արել, բայց դրանցից ոչ մեկը տեղ չէր գտել նոր քննության մեջ, ասում է մայրը:
«Ինքը վարչապետին երբ որ ներկայացնում էր, ասում էր՝ էս մայրերը ճիշտ են: Ես էն օրը վարչապետին Արմավիրում որ կանգնեցրեցի, ասում եմ՝ «պարոն Փաշինյան, ձեզ Աննա Վարդապետյանը ասել ա, որ էս մայրերը ճիշտ են», ինքը ինձ ընդհատում ա, չի թողնում խոսամ», - նշեց Մուրադյանը:
Արդեն գլխավոր դատախազ Վարդապետյանի օրոք գործն ուղարկվել է դատարան նույն՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Ամիսներ առաջ դատախազ Դավիթ Նավասարդյանը Հանրայինին պատմել էր, թե ինչ նոր բացահայտումներ են արել. - «Իրականացվել են վկաների լրացուցիչ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, առկա փորձագիտական եզրակացությունների շուրջ հարցաքննվել էին փորձագետները»:
Այժմ կա մեկ մեղադրյալ՝ ծառայակիցն է, բայց վարչապետին մոտեցած ծնողը փորձում էր ասել, որ ողբերգությունն ինքնասպանություն չէր, այլ՝ մի խումբ ծառայակիցների կողմից դաժան սպանություն:
«Նստենք քննարկենք էս հարցը, ի վերջո, ես էլի քանի՞ տարի պիտի սենց սպասեմ», - վարչապետին ասում էր Նոնա Մուրադյանը:
«Բայց ես ուրիշ բան ... ներողություն եմ խնդրում, ընդունեմ՝ մեկ ա ուրիշ բան, ինչ որ հիմա ասեցի, չեմ կարա ասեմ», - արձագանքում էր վարչապետը:
«Դուք լիքը բաներ չգիտեք, պարոն Փաշինյան, ինչ ա կատարվում էս երկրում», - շարունակում էր որդեկորույս մայրը:
«Հարգելիս, ինձ պետք չի իմանալ, որովհետև ես ձեզ խոստացել եմ, որ գործը կբացվի, կուղարկվի դատարան, գործը ուղարկվել ա», - պատասխանում էր վարչապետը:
Փաշինյանն էր իր իշխանության առաջին տարիներին ընդունել որդիների զոհվելու պաշտոնական վարկածը հերքող մի խումբ ծնողների, հավաստիացրել՝ կփորձեն աջակցել բացահայտել իրականությունը:
«Կոպիտ ասած՝ այլընտրանքային քննչական խումբ ենք ստեղծում: Ահավոր մեծ բան եմ վերցնում իմ վրա, հիմա էլ չի լինելու ուրիշի վրա քցել, էլ չկա, մոռացանք, ես եմ ու դուք եք», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Այժմ, երբ վարչապետը համոզված է՝ ինքն արել է իր գործը, Նանա Մուրադյանը մնացել է իրավական հորձանուտում՝ ձեռքին ունենալով վարչապետի որոշմամբ ստեղծված խմբի գրած մի զեկույց, որն այդպես էլ իրավական ուժ չստացավ:
16 տարի անց «ես եմ ու դուք եք» բանաձևը վերածվել է «դատարանն է ու դուք» անտարբերությանը, ասում է հուսահատված մայրը: