Մատչելիության հղումներ

Երրորդ խոշոր ավտովթարը վերջին օրերին

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հերթական խոշոր վթարը, այս անգամ` Արագածոտնի մարզում. մեկ մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է տեղից պատմում. լուսաբացին Գյումրի- Քարակերտ ավտոճանապարհի Արտենի գյուղի տարածքում «Գազել»-ն ու «Զիլ»-ն են իրար բախվել: Նախնական տեղեկություններով՝ «Գազել»-ն օրավարձով աշխատողների էր բերքահավաքի տեղափոխում. տեղում մահացած 46-ամյա կինը նրանցից մեկն էր: Հոսպիտալացված 11 տուժաներից հինգի վիճակը ծանր է, երեքինը՝ թեթև, մյուսները դուրս են գրվել:

«Զիլ»-ում հայ ու որդի են եղել: Տիկին Վարդը TV5-ին պատմել է՝ ղեկին որդին է եղել, ամուսնու հետ լուսաբացին դաշտ էին գնում խոտ բերելու: Գյուղացիները լրատվամիջոցին պատմել են, թե ճանապարհի այդ հատվածում տեսադաշտ չկա՝ հատկապես վերևից իջնողների համար:

Այս վթարը վերջին օրերին արձանագրված արդեն երրորդ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարն է։ Նախորդ օրն էլ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին էին երկու մեքենա իրար բախվել, յոթ մարդ էր հիվանդանոց տեղափոխվել: Ավելի վաղ, Աշտարակ-Սասունիկ ճանապարհին երեխաներին էքսկուրսիայի տանող ավտոբուսն էր կողաշրջվել, նախնական տեղեկություններով՝ այլ մեքենա էր ճանապարհը կտրել: Բուժօգնության էր դիմել 30 երեխա և 6 մեծահասակ, բոլորն էլ հետո դուրս են գրվել: Իսկ ապրիլին Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ երկու ավտոմեքենաների բախման հետևանքով զոհվել էր վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ևս 11 մարդ տուժել էր։ Այս վթարի հետևանքով երկու երեխաներին, ամուսնուն ու սկեսրոջը կորցրած կինը շուրջ մեկ ամիս ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված էր, օրերս է դուրս գրվել:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը կարծում է՝ եթե դպրոցական նստարաններից երեխաները ճանապարհային կանոնները չսովորեն, վաղը վատ վարորդ են լինելու, կա՛մ իրենց կյանքն են կործանելու, կա՛մ մյուսների:

«Օրինակ՝ էն անչափահաս վարորդը, որ էդ տեսանյութերը անում էր, որ ինչ-որ տեղ կոնտենտ հավաքեր, իր լսարանը մեծացներ, և դրանով ինքը: Դա պետք է կրթել, դա չեն կարա տուգանելով դաստիարակենք էդ մարդկանց, անհնար է», - «Ազատությանը» ասաց Քեյանը:

Պաշտոնական թվերով՝ նախորդ տարի Հայաստանում գրանցվել է 4 հազար 784 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 283 մարդ։ Թեև 2024-ի համեմատ վթարների թիվն աճել է 10.9 տոկոսով, զոհերի թիվը նվազել է 50-ով՝ 333-ից հասնելով 283-ի: Փորձագետը նշում է, որ ճանապարհների նորոգումն ու կառուցումը, կամ վարորդներին պատժելը հարցի լուծում չէ, քանի դեռ հին և նոր ճանապարհներին անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կահավորանքի հարցը մնում է բաց։

«Ճանապարհներում իրականացվող շինարարության անվտանգության պահպանում՝ բացակայում է: Մեկ տեղ կտեսնե՞ք ճանապարհային նշան, որը ձեզ կուղղորդի, որ դուք նվազեցնեք անվտանգությունը, քանի որ 100 մետր հետո հանդիպելու եք վերանորոգման աշխատանքներին, 50 մետր երթևեկելիս տեսնեք երկրորդ ճանապարհային նշանը, որը ձեզ կզգուշացնի, որ իջեցրեք ձեր արագությունը, քանի որ 50 մետր հետո հանդիպելու եք շինարարությանը: Դա՝ մեկ: Երկրորդը՝ նույն էդ ճանապարհային ակտիվ իրականացվող շինարարությունը, չկա էդ ճանապարհային նշանները, երեկոյան ժամերին երթևեկելիս կտեսնե՞ք լուսավորությունով էդ հատվածը սահմանազատված, որ դուք չգաք ընկնեք էդ փոսերը, հորերը», - նշեց Քեյանը:

2025 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5 հազար 450 մարդ: Միաժամանակ, արձանագրվել է վարորդական իրավունքից զրկվածների կողմից մեքենա վարելու 9 հազար 466 դեպք, ընդ որում՝ այդ դեպքերը վերջին հինգ տարիներին գրեթե քառապատկվել են։ Չնայած այս հանգամանքին՝ վարչապետ Փաշինյանը նախընտրական շրջանում ընդառաջեց իրեն դիմած կարգազանց վարորդներին: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում նրանք կարող են վերականգնել վարորդական իրավունքը առանց քննության, սակայն սկզբում կստանան ոչ թե 13, այլ՝ 6 տուգանային բալլ։ Սա մտահոգում է փորձագետներին ու կարգապահ վարորդներին, ասում են՝ վարորդական իրավունքից զրկվելն արդեն նշանակում է, որ նրանք լավ վարորդ չեն, արդյո՞ք նրանց վերադարձը նաև նոր վթարների պատճառ չի դառնա:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG