Մատչելիության հղումներ

Որքանո՞վ է ռացիոնալ վարորդական իրավունքից զրկվածներին վարչապետի առաջարկած լուծումը

Երթևեկությունը Երևանի փողոցներից մեկում, արխիվ
Երթևեկությունը Երևանի փողոցներից մեկում, արխիվ

Ուղիղ մեկ տարի առաջ Կառավարության նիստի ընթացքում էր վարչապետ Փաշինյանը վրդովված պնդում՝ վարորդների 95 տոկոսը նորմալ մեքենա վարել չգիտի, ու պետք է ատեստավորել նրանց:

«Խմում գնում ա պատին տալիս ա, 7-8 հոգի զոհվում ա, դուրս է գալիս ասում ա՝ «արա, էսի երկիր չի ընդհանրապես»։ Լավ, սենց չի լնի, ժողովուրդ ջան։ Որովհետև եթե մեր պատասխանատվությունն ա, ուրեմն պտի փակենք, ասենք՝ «չեք քշում», - հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:

Երկու օր առաջ, սակայն, քարոզարշավի 9-րդ օրը, նույն վարչապետն այդքան էլ խիստ չէր դատում վատ վարորդներին. առաջարկ արեց՝ վարորդական իրավունքից զրկվածներին առանց քննության վերադառնալ ղեկին։

«Նրանք, ում մի տարին արդեն լրացել ա, մենք առաջարկում ենք առանց քննության, որոշակի, պարզապես առանց քննության չէ ... սպասեք, սպասեք, չէ, չէ, չէ, չէ, չէ, չէ, բայց շարունակություն էլ ունի». - հիմա խաղի նոր կանոններ է առաջարկում Փաշինյանը՝ 13-ի փոխարեն սկզբնականում 6 բալ, իսկ եթե սրանք էլ մեկ տարում զրոյանան, ապա այդ դեպքում նոր քննություն հանձնել։ Առաջարկը շատ ոգևորեց կարգազանց վարորդներին. - «Նիկո՛լ, վարչապե՛տ»: «Խմել չկա», - հավելեց վարչապետը:

Պատահական չէր Փաշինյանի՝ չխմելու մասին այս խորհուրդը։ Պաշտոնական տվյալներով՝ միայն 2025-ին վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5 հազար 400 մարդ։ Տարեսկզբին էլ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր հայտնել, որ անձանց վարորդական իրավունքից զրկելու գերակշիռ պատճառը եղել է ալկոհոլի օգտագործմամբ վարելը։

«Ինձ խաբված եմ զգում, ինձ արհամարհված եմ զգում»

«Անսթափ վարորդի պատճառով իմ ընտանիքը կորցրեց հորս: Ես իսկապես որևէ մեկին չեմ ցանկանա, որ էդ զգացողությունները ունենա, ինչ ունեցավ մեր ընտանիքը, երբ որ հայրս ողջ-առողջ, ոտքի վրա տնից գնաց, երբ որ այն աստիճան խմած էր եղել հանրային տրանսպորտի վարորդը, որ մտել էր մայթ, և հայրս զոհվեց այդ պատահարից». - դեպքը տարիներ առաջ է տեղի ունեցել, դուստրը՝ Լիլիթ Գալստյանը, պատմում էր՝ ինչ երկար ու հոգետանջ գործընթացների միջով են անցել արդարատության հասնելու համար... Բայց 10 տարի առաջ էլ, հիմա էլ Երևանում երթևեկությունը ռուսական ռուլետկա է հիշեցնում։ Ու այս պայմաններում վարչապետի առաջարկը հորը կորցրած Լիլիթի համար, մեղմ ասած, անարգանք է։

«Ես՝ որպես քաղաքացի, որպես մարդ, այսօր նաև որպես վարորդ, ինձ խաբված եմ զգում, ինձ արհամարհված եմ զգում: Էլ չեմ ասում՝ մարդկային արժեքների տեսակետից դա աբսուրդ է: Գոյություն ունի երկիր, գոյություն ունեն օրենքներ, ես չեմ հասկանում մի երկիր, մի օրենսդրություն, մի կարգավորում, որը ընտրություններից ընտրություն փոխվում է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Լիլիթը:

Գործող օրենքը շատ հստակ է. եթե կասեցված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքը, ապա սահմանված ժամկետից հետո պետք է քննություն հանձնել և վերականգնել այդ իրավունքը։ Փաշինյանը վարորդական իրավունքից զրկված անձանց առանց քննության կասեցված իրավունքը վերականգնելու առաջարկ անելիս գիտեր այս մասին, քննարկել էր ՆԳ նախարարի հետ, բայց հետո որոշել էր Ֆեյսբուքում քվեարկության դնել հարցը՝ 48 ժամով, որն, ի դեպ, լրանում է այսօր։

Չնայած օգտատերերից շատերը խիստ մտահոգություն են հայտնել այս նախաձեռնության վերաբերյալ, չոր թվերն այլ բանի մասին են խոսում. այս պահի պահի դրությամբ 75 տոկոսը կողմ է Փաշինյանի առաջարկին։

«Դե դրեք մարդասպաններին էլ համաներում արեք, ասեք ոչինչ, որ սպանել են: Ուղիղ նույն, հարբած վարորդը նույն մարդասպանն է, որևէ բանով որևէ կերպ չի զիջում նրան», - ասաց Լիլիթ Գալստյանը:

«Այսպիսի խնդիրը ֆեյսբուքյան հարցումների միջոցով չպետք է որոշել»

«Վարորդի ընկեր» կազմակերպությունում նույնպես կարծում են, որ այսպիսի խնդիրը ֆեյսբուքյան հարցումների միջոցով չպետք է որոշել. նախ՝ կեղծ օգտատերերի պակաս չկա, բայց առավել վտանգավորը՝ երկրի անվտանգության հարցը պոպուլիզմի առարկա դարձնել:

Կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն ասում է՝ սա նույն բանն է, որ սոցհարցումների միջոցով մարդկանց հարցնես՝ «հարկեր վճարել ուզո՞ւմ եք», «բանակում ծառայել ուզո՞ւմ եք»։ Բայց մի նրբություն էլ է նկատում. - «Մեղքի բաժինը ոնց որ Կառավարությունից անցում է կատարվում հանրությանը, այսինքն՝ այդ վարորդների վկայականները եթե առանց որևիցե լրացուցիչ քննության տրամադրվեն, հետագայում խնդիրներ լինելու դեպքում ամբողջ մեղքի բեռը քվեարկության կողմ արտահայտված մարդկանց վրա է դրվում»:

Այդուհանդերձ, «Վարորդի ընկեր»-ը փորձում է հասկանալ՝ որքանո՞վ է ռացիոնալ վարչապետի առաջարկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարորդական իրավունքից զրկվածների մեջ կան նաև այլ դեպքեր: Արդյո՞ք այդ առաջարկը տարանջատելու է առանձին դեպքերը։

«Օրինակի համար վերցնենք՝ էս անձրևներին համարները ընկնում էր ջրերը, մարդիկ չէին նկատում, երթևեկում էին, և առանց համարների երթևեկող վարորդը նույնպես զրկվել է: Մեքենաների էն համարների գողությունները որ շատ էր, էդ դեպքերում էլ է եղել, որ վարորդը գնացել է իր մեքենայով ոստիկանությանը դիմում գրի, բայց առանց համարանիշների է գնացել և զրկվել է: Այսինքն՝ էս վարորդները բոլորը նույն աստիճանի վարորդներ չեն, պետք է դրա համար տարանջատվի», - «Ազատության» հետ զրույցում նշեց Քեյանը՝ շարունակելով. - «Ինչ վերաբերում է խմած լինելուն, շատերը ասում են, որ մարդը արդեն իսկ իր պատիժը կրել է, մեկ տարի իրավունք չի ունեցել երթևեկելու, ինչո՞ւ ենք մենք իրենից վարորդականը վերցնում, եթե մեկ տարի հետո նորից կրկնվի, մեկ տարվա մեջ էդ արարքը, արդեն էդ մեկ տարին դառնա երեք տարի: Նմանատիպ նորմեր է պետք սահմանել, որ մարդիկ հասկանան ինչ է խստությունը»:

Կարգազանց վարորդների ու ողբերգական դեպքերի մասին տեղեկանում ենք գրեթե ամենօրյա ռեժիմով: Վերջին աղմկահարույց պատմությունն էլ կապված էր 19-ամյա երիտասարդի հետ, որն, իր բնորոշմամբ, փորձել էր «նվաստացնել» դիմացի մեքենայի վարորդին՝ մեծ արագությամբ առաջ անցնելով նրանից, ու բախվել էր երթուղային ավտոբուսին: Երեք մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Այս վարորդի մեքենա վարելու իրավունքը ևս կասեցված էր եղել:

Վարչապետ Փաշինյանի նոր առաջարկով մտահոգված քաղաքացիներն այս երկու օրը նրա ֆեյսբուքյան գրառումների տակ մեկ այլ մտահոգություն էլ են բարձրացնում. կանաչ լույս տալով օրինազանցներին՝ հերթական անգամ անտեսում են օրինապահ քաղաքացուն:

«Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, ինչ վերաբերում է երթևեկությանը, հասկանում ե՞ք, երկրի ամենախոցելի օղակներից մեկն է», - նշեց Լիլիթ Գալստյանը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025-ը Հայաստանում եղել է ամենաանհանգիստ ժամանակահատվածը ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով. արձանագրվել է ռեկորդային թվով՝ 4 հազար 784 դեպք։ Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ բոլոր տարիների, այդ թվում՝ 2023 թվականի բարձր ցուցանիշները։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG