Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությանը, որով վարորդական իրավունքից զրկված անձինք հնարավորություն կստանան վերականգնել այն առանց քննության՝ անցնելով փորձաշրջան ու ստանալով 6 տուգանային միավոր:
Վարորդական իրավունքից զրկված մի շարք անձինք պահանջել էին իրենց կրկին ղեկին վերադառնալու հնարավորություն տալ մայիսի կեսին՝ ընտրարշավի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանից, ով խոստացել էր լուծում գտնել և արժանացել վարորդների դրվատանքին:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում, խոսելով օրենքի ընդունման անհրաժեշտության մասին, ասաց՝ իրենք վարորդական իրավունքի վերականգնման մոդելն են փոխում և կենտրոնանալու են վարորդի վարքագծի փոփոխության վրա։
Նոր կարգավորմամբ՝ վարորդական իրավունքի վերականգնման համար քննություն չի պահանջվի։ Վարորդական իրավունքից զրկվելու ժամկետի ավարտից հետո քաղաքացիները կկարողանան դիմել, անցնել մեկ տարվա փորձաշրջան՝ 6 բալով և, եթե տարվա ընթացքում այս բալերը չզրոյանան, կկարողանան լիարժեք վերականգնել վարորդական իրավունքը։ Այս մեխանիզմից օգտվելու համար վարորդները պետք է 50 հազար դրամ պետական տուրք վճարեն։
«Մենք տալիս ենք խիստ սահմանափակ բալային միավորներ, իրավունքը վերականգնվում է։ Պայմանականորեն, եթե մեկ անգամ անձը հարբած վիճակում վարեց և 1-2 փոքր խախտումներ ունեցավ, 6 բալը սպառվում է, մենք անծայրածիր հնարավորություններ չենք տալիս ու տալիս ենք դա մեկ տարվա տրամաբանության մեջ», - ասաց նախարարը։
Որոշումը չի տարածվելու դատարանների, օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից նախատեսված զրկումներին, անգործունակ, հոգեկան, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ պայմանավորված մեքենա վարելու, հիվանդության պատճառով վարելու իրավունքի դադարեցման դեպքերին։ Խորհրդարանը նախաձեռնությունը քննարկելու է անհետաձգելի կարգով։