Մատչելիության հղումներ

Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է

Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում: Մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն:

«Էդ կինը վերջին պահին անհասկանալի ձևով անհետացել է, ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն մանգալ, մի քանի րոպե ման եկան, հետո սուս մնացին, մնացածին ավտո նստեցրի, տարան, էդ կնոջն էլ ոչ ոք չի տեսել» - ասաց հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը:

Լարիսա Ստեփանյանն է անհետացել վերջին պահին: 73 -ամյա կինը 2020-ի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել էր, ապրում էր Ստեփանակերտի՝ կացարանների վերածված ոստիկանության պոլիկլինիկայի շենքում:

Լարիսան Բաքվից եկած լրագրողներին ասում էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև պիտի անպայման հետ՝ իր տուն Հադրութի Տող գյուղ գնա, այս հարցով նույնիսկ հեռակա Ալիևին էր դիմել:

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն ասում է՝ կնոջը լավ են ճանաչում, երբ տեղահանվել էր, միշտ այցելել են նրան. «Իր մոտ մշտապես այդ ցանկությունը կար վերադառնալ իր տուն ամեն գնով, անգամ ինքը չէր խոսում Ստեփանակերտում կամ այլ վայրում բնակարան ստանալու մասին, այլ անընդհատ ֆիքսված էր իր տուն վերադառնալու գաղափարի վրա»:

Լարիսայից բացի Ստեփանակերտում է նաև Միշա Գրիգորյանը, նա, սակայն, ի տարբերություն Լարիսայի, մեքենա է նստել, հասել Հակարիի կամուրջ, բայց Երևան չի հասել, այս մասին ականատեսը պատմել էր հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանին:

«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտքերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ «լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են», - ներկայացրեց Պետրոսյանը:

Մեկ շաբաթ առաջ Հայաստան տեղափոխվեցին Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած 11 հայեր, ադրբեջանցիները անսպասելի են նրանց մեքենա նստեցրել, հայերն սկզբում մտածել են՝ իրենց տանում են սպանելու, այս մասին «Ազատությանը» պատմել էին նրանց հարազատ-ծանոթները: Տեղափոխվածների մեծ մասը՝ 7 հոգի, այժմ Աղվերանի հյուրանոցներից մեկում են: Կան նաև հոգեբուժարան տեղափոխվածներ:

Տիկին Էլյան հարազատ եղբորը տեսել է հյուծված, տկար, իր բառով՝ «աչքերը կուլ գնացած»: Դեռ պիտի բուժհաստատությունում մնա: Ստեփանակերտից տեղափոխված հայերի մասին ո՛չ Սոցապ, ո՛չ Առողջապահության նախարարությունները տեղեկատվություն չեն տրամադրում, անուններ չեն հրապարակում: Կան արցախցիներ, որ իրենց հարազատին, ծանոթին, որ կարծում են, թե տեղափոխվել է, չգիտեն որտեղ փնտրել:

Նրանց առողջական վիճակի վերաբերյալ շատ ընդհանուր պատկեր է ներկայացնում առողջապահության նախարարը. «Նրանց առողջական վիճակի հետ կապված այսօրվա կազմակերպչական ողջ աշխատանքները մենք իրականացրել ենք ու շարունակելու ենք իրականացնել՝ ըստ կարիքի: Մարդկանց առողջական բոլոր կարիքները բավարարվում են»:

Ստեփանակերտցիներից շատերին է հետաքրքրում՝ ինչ վիճակում է իրենց յուրահատուկ համաքաղաքացին՝ Ֆրեդը, կորացած մեջքով միայնակ տղամարդը, որ անդադար շրջում էր քաղաքում ու հաճախ դառնում ադրբեջանցիների ծաղրի թիրախ: Ականատեսներից մեկը «Ազատությանը» պատմեց, որ ադրբեջանցիները նրան նույնպես, այսպես ասած, ճանապարհել են դեպի Երևան, բայց թե որտեղ է՝ չգիտեն:

«Գործ ունենք հերթական բռնի տեղահանության դեպքի կամ վտարման դեպքի հետ: Ամենացավալի բաներից մեկն էլ այն, էր Հայաստանի սոցապ նախարարն է գրառում անում ու իր գրառման մեջ նշում է, որ անձինք խնդրել են ու իրենց խնդրանքով են տեղափոխվել: Ըստ էության այդ հայտարարությամբ կարծես թե արձանագրում են Ադրբեջանի դիրքորոշումը», - նշեց Գեղամ Ստեփանյանը:

Արցախի օմբուդսմենը վստահ է՝ Բաքուն վերջին հայ բնակիչներին վտարեց, որովհետև նրանցից էլ ոչ մի օգուտ չուներ. «Այս մարդիկ զուտ քարոզչական նպատակներով այլևս Բաքվին պետք չեն, հատկապես օգոստոսի 8-ից հետո կամ այդ խաղաղության գործընթացի շրջանակներում զարգացումներից հետո, հետևաբար մի կողմից էլ այդ մարդկանց այնտեղ պահելը հավելյալ չհիմնավորված ծախս է իրենց պետության համար: Ես դա նաև կապում եմ նույն դատավարությունների փուլի ավարտի հետ: Նրանց մի մասն օգտագործվեց նաև այդ դատարաններում ցուցմունքներ տալու համար»:

Տեղափոխված հայերի հարազատները Ստեփանյանին պատմել են, որ վերջին ամիսներին այս հայերը գերու կարգավիճակով են պահվել Ստեփանակերտում, հսկողության ներքո, կան նաև ծեծվածներ:



XS
SM
MD
LG