Մատչելիության հղումներ

«Մտածել են՝ իրենց տանում են սպանելու». Արցախից վերջին հայերի հեռանալու մանրամասները


Հակարիի կամուրջը, արխիվ
Հակարիի կամուրջը, արխիվ

Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, ադրբեջանական դարձած Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած հայերի մասին պատմում է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Օրերս Հայաստան տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է:

«Նույնիսկ իրենց մեջ խոսակցություն է սկսել, մարդկանց մեջ, որ «տանում են սպանեն մեզ», այսինքն՝ իրենք չէին իմանում, որ գալիս են դեպի Հակարի: Հակարի հասնելու, էդտեղ են հասկացել, որ փոխում են», - «Ազատությանը» փոխանցեց Պետրոսյանը:

Ըստ ականատեսներից մեկի՝ ողջ ճանապարհին մահվան սարսափից հեկեկում էր Ռիտան՝ ազգությամբ ռուս, բայց Արցախում որդեգրված-մեծացած մի կին, որ շներին ու կատուներին էր կերակրում: Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են, որ Հայաստան են տեղափոխվում, և մեկ էլ պարզել են՝ իրենցից մեկը չկա:

«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն, [Միշա Գրիգորյանը], որը ինչ-որ բաներ էր խոսում: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են», - պատմեց Տիգրան Պետրոսյանը:

Միշա Գրիգորյանը ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս, տարակուսում՝ այս հայերն ինչո՞ւ հեռացան Արցախից:

Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ, հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտից ճանապարհի կեսից հետ է գնացել:

Տիգրան Պետրոսյանի տեղեկությամբ՝ վերջին ամիսները դժոխային են եղել Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոցում. այստեղ էին ադրբեջանցիները հավաքել շուրջ մեկ տասնյակ հայերի՝ հիմնականում առողջական խնդիրներով, միայնակ մարդիկ:

«Իրենք վերջին ամիսներին բոլորովին փակված էին՝ գերու կարգավիճակով, էնքան որ սնունդ էին տալիս: Իրենք միշտ ասում էին՝ «խի՞ եք է մնացել, խի՞ չեք գնում, խի՞ չեք գնում, գնացեք, գնացեք», - նշեց Պետրոսյանը:

Վերադարձածներից մեկի հարազատը պատմեց՝ ընտանիքի անդամին երկուսուկես տարի անց տեսել է ծեծված, բռնության հետքերով:
Ստեփանակերտում մնացած հայերի տեղափոխության մասին ուրբաթ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, սակայն՝ առանց որևէ անվանացանկի: Հարազատները այսուայնկողմ ընկած տվյալ էին փնտրում:

«Կոտորվանք է զանգելով էս յան, էն յան, որ գոնե մի տեղեկություն... ոչ մի բան». - Էլեոնորա Համբարձումյանին մեկ օր անց է հաջողվել սոցապ նախարարության միջոցով ճշտել, որ եղբայրն, այո, տեղափոխվածների մեջ է, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում է: Հետո էլ սկսվեց ճշտումների հաջորդ փուլը՝ այցելել հնարավո՞ր է. - «Դե բա եկել ա ստեղ հասել, հիմա չգնա՞մ մի հատ տենամ ոնց ա վիճակը, մի հատ աչքովս տենամ ինչ ա, ոնց ա: Այ էդ ա, էլի, անհանգիստ եմ»:

Ոչ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ոչ Առողջապահության նախարարությունները, ոչ էլ այլ գերատեսչություն տեղափոխությունից հետո հարազատների հետ կապ չեն հաստատել, տեղեկատվություն չեն տրամադրել: Հարազատներն իրենք են դեսուդեն ընկել: Սոցապ նախարարության խոսնակը փոխանցեց՝ բոլորը գտնվում են պետական հոգածության ներքո: Առողջապահության նախարարությունից ասացին՝ երեք հոգի հոգեբուժական հաստատություններում են՝ բուժզննման նպատակով: Ծանր վիճակում գտնվողներ չկան:

«Ազատության» տեղեկությամբ՝ 11 տեղափոխվածների մեծ մասը Աղվերանում՝ մի հյուրանոցում են տեղավորվել:

Արցախից վերջին հայերին վտարեցին, ոչ թե նրանք Հայաստան եկան այսպես ասած իրենց դիմումի համաձայն, հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանն է ընդգծում: Սոցապ նախարարը գրել էր՝ այդ մարդիկ դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։

«Ասում է՝ «գիտե՞ս ինչպես է՝ մեզ չեն էլ ասել, հարցրել, էդ թուղթը ստորագրել ենք մենք սահմանին, բայց այնպիսի վիճակում էինք արդեն, ոնց որ բանտ նստած լինեինք», - փոխանցեց Պետրոսյանը:

Ըստ նրա՝ իշխանությունն Արցախում էթնիկ զտման այս վերջին ակորդը փորձում է կոծկել. - «Ես կարող եմ տրամաբանել՝ ինչի էին այդպես անում. խաղաղության օրակարգ են վերցրել, իրենք, չեք տեսնո՞ւմ, ամեն անգամ անտեսելով մարդկանց միջազգային իրավունքները՝ փորձում են խաղաղություն հաստատել: Բայց, գիտե՞ք, ես դա ճիշտ չեմ համարում, որովհետև սա պատմություն է, սա էթնիկ զտման վերջին ակորդն է, վերջին մարդկանց են էնտեղից վտարել են, ոչ թե նրանք խնդրել են և այլն»:

Ի դեպ՝ Ստեփանակերտից տեղափոխվածներից մեկը ոսկյա խաչ ու շղթա է ունեցել, ըստ ականատեսի՝ Հակարիի անցակետում ադրբեջանցի աշխատակցին գրավել է ոսկին: «Դարդիդ կաց», - ասել է տղամարդը, անցել հայկական կողմ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG