Մատչելիության հղումներ

Էրդողանը ծրագրում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողան և Իլհամ Ալիև, արխիվ
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողան և Իլհամ Ալիև, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է Ադրբեջան այցելել նոյեմբերի 8-ին՝ այդ երկրում նշվող հաղթանակի օրվա կապակցությամբ:

«Եթե արտակարգ հանգամանքներ ի հայտ չգան, ես ծրագրում եմ Ադրբեջան այցելել նոյեմբերի 8-ին: Հուսով եմ՝ այդ այցի շրջանակում հնարավորություն կունենանք նախաձեռնել անհրաժեշտ քայլերը», - ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում:

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ ավելին են, քան ավանդական դիվանագիտական շփումները: Երկու երկրների միջև անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի, մեր ընդհանուր ապագայի արդյունքն է: Չկան այնպիսի արգելքներ, որոնք չկարողանար հաղթահարել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը», - վստահեցրել է Թուրքիայի նախագահը:

Վերջերս նկատելի լարվածություն կա երկու երկրների միջև՝ կապված ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի, Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունների հետ: Մասնավորապես, չնայած Թուրքիայի նախագահի անձնական հրավերին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած շաբաթ չմասնակցեց Անկարայում անցկացված Թյուրքական պետությունների գագաթնաժողովին:


​
XS
SM
MD
LG