Մատչելիության հղումներ

Եմենի ափերի մոտ հրաձգություն է տեղի ունեցել բեռնատար նավի և զինված խմբի միջև

Արխիվ
Արխիվ

Եմենի ափերի մոտ՝ Ադենի ծոցում, հրաձգություն է տեղի ունեցել բեռնատար նավի անվտանգության աշխատակիցների և վեց զինված անձից բաղկացած փոքր նավակի միջև։

Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործողությունների գրասենյակը (UKMTO)՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Եմենի Բալհաֆ նավահանգստից մոտ 163 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած հատվածում։ Ըստ հաղորդագրության՝ փոքր նավակը մոտեցել է բեռնատար նավին, ինչից հետո կողմերի միջև հրաձգություն է սկսվել։ Միջադեպից հետո զինված անձինք հեռացել են տարածքից։

UKMTO-ն տեղեկացրել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է իրականացվում։ Միաժամանակ նավերին խորհուրդ է տրվել առավել զգոն լինել տվյալ շրջանում և ցանկացած կասկածելի գործունեության մասին անհապաղ տեղեկացնել գրասենյակին։

Գրասենյակը չի հստակեցրել, թե արդյոք բեռնատար նավը որևէ առնչություն ունի Իսրայելի հետ, ինչպես նաև չի նշել, թե հարձակման հետևում կանգնած են արդյոք Եմենի հութիները։

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ–Իրան աճող լարվածության պայմաններում և ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Իրանի աջակցությունը վայելող հութիները ստանձնել էին Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռային հարվածի պատասխանատվությունը։ Բացի այդ, նրանք նախազգուշացրել էին, որ կխոչընդոտեն իսրայելական նավերի անցումը Կարմիր ծովով, եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Լիբանանի հարավային շրջաններին։


XS
SM
MD
LG