Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փուլի առաջարկները կներկայացնի հաջորդ շաբաթ, Բրյուսելում այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Պատժամիջոցներն աշխատում են։ Դրանք հանկարծակի հարված չեն հասցնում Ռուսաստանի տնտեսությանը, բայց խարխլում են դրա հիմքերը», - ասել է նա Ուկրաինայի համար աջակցության նոր գործիքին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ բազմաթիվ ցուցանիշներ վկայում են Ռուսաստանի տնտեսության վատթարացող հեռանկարի և լուրջ դժվարությունների մասին։ Նա չի մանրամասնել, թե նոր փաթեթում կոնկրետ ինչ միջոցառումներ են ներառված։
Եվրոպական հանձնաժողովը նախկինում խոստացել էր նոր պատժամիջոցների առաջարկներ ներկայացնել նոյեմբերի 26-27-ը՝ մինչև Բրյուսելում նախատեսված ԵՄ հատուկ գագաթնաժողովը։ Նոր պատժամիջոցները դեռ պետք է համաձայնեցվեն ԵՄ երկրների կողմից։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին, ԵՄ խորհուրդն ընդլայնել էր գործող պատժամիջոցների ցանկը՝ ներառելով ռուսական մի շարք բանկեր ու ֆինանսական հաստատություններ, նավթավերամշակման գործարաններ, «ստվերային նավատորմին» սպասարկող կազմակերպություններ և Wildberries-ի համահիմնադիր Տատյանա Կիմին։
Առանձին սահմանափակումներ էին սահմանվել Ռուսաստանի անկայունացնող գործունեության, այդ թվում՝ ապատեղեկատվական արշավների համար։ Առ այսօր ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ավելի քան 4,700 անհատի և կազմակերպության նկատմամբ։
Այսօր Եվրահանձնաժողովը նաև ներկայացրել է օրենսդրական առաջարկների փաթեթ 2027 թվականին Ուկրաինային մինչև 45 միլիարդ եվրոյի հավելյալ վարկ տրամադրելու վերաբերյալ:
Այդ միջոցները կավելանան 2026-27 թվականներին 90 միլիարդ եվրոյի ավելի վաղ համաձայնեցված վարկին, Բրյուսելից փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը:
Առաջարկվող գումարից 25 միլիարդ եվրոն նախատեսվում է ուղղել Ուկրաինայի ռազմական կարիքներին, 20 միլիարդը՝ պետական բյուջեին աջակցությանը: