Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել

Եվրամիության և Ուկրաինայի դրոշները, արխիվ
Եվրամիության և Ուկրաինայի դրոշները, արխիվ

Եվրահանձնաժողովն այսօր ներկայացրել է օրենսդրական առաջարկների փաթեթ 2027 թվականին Ուկրաինային մինչև 45 միլիարդ եվրոյի հավելյալ վարկ տրամադրելու վերաբերյալ: Այդ միջոցները կավելանան 2026-27 թվականներին 90 միլիարդ եվրոյի ավելի վաղ համաձայնեցված վարկին, Բրյուսելից փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը:

Առաջարկվող գումարից 25 միլիարդ եվրոն նախատեսվում է ուղղել Ուկրաինայի ռազմական կարիքներին, 20 միլիարդը՝ պետական բյուջեին աջակցությանը:

Նախատեսվում է միջոցները ներգրավել կապիտալի միջազգային շուկաներում փոխառությունների ճանապարհով՝ Եվրամիության բյուջեի երաշխիքներով: Ուկրաինան պարտավոր կլինի մարել վարկի հիմնական գումարը միայն Ռուսաստանից փոխհատուցումներ ստանալուց հետո: Եթե Մոսկվան հրաժարվի փոխհատուցումներ վճարել, Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում օգտագործել սառեցված ռուսաստանյան պետական ակտիվները: Դրանց արժեքը ԵՄ տարածքում գնահատվում է շուրջ 210 միլիարդ եվրո:

Բյուջետային օգնության տրամադրումը կախված կլինի Կիևի կողմից իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների իրականացումից:

Եվրահանձնաժողովի առաջարկը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 26-27-ը Բրյուսելում անցկացվելիք ԵՄ արտահերթ գագաթնաժողովում:

Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Բուլղարիան ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր չեն մասնակցել նոր վարկի ֆինանսավորմանը:

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր Եվրամիությունը Կիևին ընդհանուր ավելի քան 231,5 մլրդ եվրոյի օգնություն է հատկացրել:

​
XS
SM
MD
LG