Հակակոռուպցիոն կոմիտեում պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին. «ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»:
Վախթանգ Միրումյանը ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մարտից մինչև 2018 թվականի մայիս։
Օգոստոսին Հակակոռուպցիոն կոմիտեն «Ազատությանը» հայտնել էր, որ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին ձերբակալել են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով:
Գործը վերաբերում է դեռ 2018 թվականին հարուցված քրեական վարույթին, ըստ որի մինչև իշխանափոխությունը ՊԵԿ-ին պատկանող մաքսատան շենքում տարածք է տրամադրվել հանցավոր գործունեություն իրականացնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը: Դեռ 2018-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, թե հանցավոր սխեմա են բացահայտել ու, որ այդ շղթայում նաև ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են:
Այդ ժամանակ ԱԱԾ տարածած տեսանյութում ասվում էր, որ 2017 թվականի հունիսին Հայաստանում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով բեռներ տեղափոխող ընկերություններին պարտավորեցրել են այսուհետ ապրանքները մաքսազերծվել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության միջոցով:
Նախաքննական մարմինը նշել է, որ ընկերության հետ Հարությունյանը կապ է ունեցել: Հարությունյանի փաստաբանը հայտնել էր. «Իրականում 2018 թվականին «Նորֆոլկ»-ի հետ կապված իրականացվել է քննություն, և այդ քննության արդյունքում կապն ամբողջությամբ հերքվել է»: