Դուբլինում Եվրոպայի անվտանգության սկզբունքների հռչակագիր է ստորագրվել. Հայաստանը և Ադրբեջանը չեն միացել

Իռլանդիա - Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցները, Դուբլին, 12-ը նոյեմբերի, 2026թ.
Իռլանդիա - Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցները, Դուբլին, 12-ը նոյեմբերի, 2026թ.

Դուբլինում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցները նախօրեին Ֆրանսիայի նախաձեռնությամբ ստորագրել են «Եվրոպայի անվտանգության առանցքային սկզբունքներն» ընդգրկող հռչակագիր: Հայաստանը և Ադրբեջանը, որոնց ղեկավարները մասնակցում են դուբլինյան գագաթնաժողովին, հռչակագրին չեն միացել:

Գերմանիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և ևս 35 եվրոպական երկրների ստորագրած փաստաթուղթը, France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, ամրագրում է եվրոպական անվտանգության հիմքում ընկած առկա դրույթները և լրացնում դրանք նոր թեմաներով, մասնավորապես՝ հիբրիդային սպառնալիքները ներառող: Այսպես, հռչակագրին միացած պետությունները «ամենավճռական ձևով դատապարտում են Մոսկվայի ուժեղացած հիբրիդային արշավները» և մտադրություն են հայտնում դիմակայել այդ սպառնալիքներին ու պայքարել տեղեկատվական միջամտության դեմ:

Մասնակից երկրները հայտարարել են, որ «եվրոպական երկրները մեծ պատասխանատվություն են ստանձնում Եվրոպայում անվտանգության համար», ինչը, նրանց համոզմամբ, «դրականորեն կանդրադառնա գլոբալ և անդրատլանտյան անվտանգության վրա»:

Հռչակագրին միացած պետությունները վերահաստատում են իրենց աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

«Նրանք ընդգծում են Ուկրաինային անվտանգության ամուր և վստահելի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը և վերահաստատում են դա անելու իրենց մտադրությունը՝ ապագայում Եվրոպայում ագրեսիայի կրկնվելը կանխելու համար», - ասված է փաստաթղթում, որը հրապարակված է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքէջում:

«Նրանք ընդգծում են, որ Ուկրաինայի անվտանգությունը Եվրատլանտյան անվտանգության անբաժանելի մասն է, և Եվրոպայի ռազմավարական կայունության գործում ապագա զարգացումները պայմանավորված կլինեն Ուկրաինայում պատերազմի ավարտով», - նաև նշված է հռչակագրում:

Փաստաթղթում տեղ են գտել նաև այնպիսի թեմաներ, ինչպիսին են պայքարը ահաբեկչության, թմրամիջոցների վաճառքի և ապօրինի ներգաղթի դեմ:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Բաքուն չի միացել Դուբլինի գագաթնաժողովի երեք փաստաթղթերին, այդ թվում՝ վերահիշյալ հռչակագրին, քանի որ դրանք հավելյալ իրավական և քաղաքական պարտավորություններ են ստեղծում, մինչդեռ իրենք Եվրոպական համայնքի գագաթնաժողովին մասնակցում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակման և մասնակից պետությունների հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման նպատակով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

​
XS
SM
MD
LG