Ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ճանապարհին եվրոպական մի շարք երկրներ հետաքրքրված են Ադրբեջանից էներգակիրների մատակարարումների ավելացմամբ։ Այս մասին եվրոպացի առաջնորդները խոսել են Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, հաղորդում է OC Media-ն։
Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին հայտարարել են վեց երկրների ղեկավարներ։ Հատկանշական է, որ նրանցից չորսը՝ Լիտվան, Իռլանդիան, Մոլդովան և Չեխիան, ներկայումս ադրբեջանական գազ չեն գնում։
Գագաթնաժողովում անդրադարձ է եղել նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապելու՝ «Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախագծին։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, պատասխանելով դրա վերաբերյալ հարցին, կարևորել է տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ կապերի զարգացումը։
«Մենք աջակցում ենք կապակցվածության բոլոր նախագծերին։ Եվրոպայում այժմ քննարկում ենք տրանսպորտային և էներգետիկ կապերը, հատկապես՝ բալթյան երկրների միջև։ Սակայն կարծում եմ՝ հուսալի էներգամատակարարման համակարգ ստեղծելու համար շատ կարևոր է նաև Եվրոպայից որոշակիորեն հեռու գտնվող մեր բարեկամների մասնակցությունը», - ասել է Լիտվայի նախագահը։
Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևն էլ ուղղակիորեն հայտարարել է, որ Սոֆիան ցանկանում է ավելացնել Ադրբեջանից գազի ներկրումը։
«Մենք որոշակի կարիքներ ունենք և երախտապարտ կլինենք, եթե Ադրբեջանը կարողանա ավելի շատ գազ մատակարարել Բուլղարիային», - ասել է նա՝ անդրադառնալով նաև Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի միջև կանաչ էներգետիկ միջանցքի ստեղծման ծրագրին։
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն իր հերթին ընդգծել է, որ Պրահան ցանկանում է հնարավորինս շատ մատակարարման աղբյուրներ ունենալ՝ տարբեր սցենարների պատրաստ լինելու համար։ Իսկ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հիշեցրել է, որ Քիշնևը վերջին տարիներին փորձում է նվազեցնել ռուսական էներգակիրներից կախվածությունը։
Եվրոպայի հետաքրքրությունը ադրբեջանական գազի նկատմամբ մեծացել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ եթե 2021 թվականին ԵՄ ներկրած գազի 45 տոկոսը Ռուսաստանից էր, ապա 2025-ին այդ ցուցանիշը նվազել է մինչև 12 տոկոս։
Այդուհանդերձ, ադրբեջանական գազը դեռևս համեմատաբար փոքր մասնաբաժին ունի եվրոպական շուկայում, թեև 2021-2024 թվականներին Հարավային գազային միջանցքով դեպի Եվրամիություն մատակարարումներն աճել են ավելի քան 40 տոկոսով: