Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որ միաժամանակ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, պնդում է՝ Գագիկ Ծառուկյանը չի կարող Օլիմպիական կոմիտեն ղեկավարել, քանի որ յոթ ամիս հետո նա կդառնա 70 տարեկան:
«Գագիկ Ծառուկյանն իրավունք չունի այլևս 70-ը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Անցած շաբաթ հենց նրա գլխավորած ֆեդարացիան է Ծառուկյանի պաշտոնավարման դեմ հայց ներկայացրել դատարան:
Չնայած Հարությունյանի պնդումներին՝ Ազգային օլիմպիական կոմիտեի կանոնադրության մեջ նախագահի պաշտոնավարման տարիքային սահմանափակման մասին որևէ բան նշված չէ:
Ֆեդերացիայի Գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը «Ազատությանը» պարզաբանեց. «Օլիմպիական խարտիայում հենց անդամակցության կետում հստակ նշված է, որ 70 տարեկան անձինք իրավունք չունեն անդամակցելու ու զբաղեցնելու ղեկավար պաշտոն: 2026 թվականի փետրվարի 3-ին հաստատված խարտիայով է սահմանված»:
Գագիկ Ծառուկյանը 70 տարեկան կդառնա այս տարվա նոյեմբերին, իսկ ընտրությունը պետք է լիներ ապրիլի 11-ին: Դրանից երեք օր առաջ ֆեդերացիան դատարան է դիմել, տապալվել է ընտրության հատուկ նիստը: Հայցի ապահովման միջոց է կիրառվել, մինչև դատարանի որոշումը ընտրություն չեն կարող անել:
«Մեզ հասած տեղեկություններով՝ փորձում էին այս ամբողջ պրոցեսը նախընտրական այս փուլում սղացնել, անցկացնել, այնինչ ՀԱՕԿ-ը լուրջ կառույց է և անհրաժեշտ է, որպեսզի այդ գործընթացներն անցնեն պատշաճ մակարդակով», - նշեց Արայիկ Հարությունյանը:
Հայցում ներկայացված հիմքերի մասին «Դատալեքս»-ում դեռ մանրամասներ չկան: Հայտնի է, որ ֆեդերացիան պահանջում է՝ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնեն, անվավեր ճանաչեն 2025-ի սեպտեմբերի 9-ից հետո նրա բոլոր որոշումներն ու գործողությունները, նաև կոմիտեի վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները:
Ֆեդերացիայից պարզաբանել են, որ Ծառուկյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, ընտրություն չի եղել, ու նա շարունակել է պաշտոնավարել: Նաև համարում են, որ հատուկ նիստի ծանուցումն է խախտումներով եղել: Իսկ պաշտոնավարման տարիքային սահմանափակման մասին արդյոք նշե՞լ են հայցում, հայտնի չէ:
«Հիմա իրենք փորձում են այսպիսի հնարքներով ընտրական ու քաղաքական այս թեժ փուլում անցկացնել այդ ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ», - ասաց Հարությունյանը:
Տարիքային սահմանափակման մասին Արայիկ Հարությունյանի պնդումներից հետո խոսեց նաև Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը. «Լավ կլիներ՝ ինչ-որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չու՞նի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել։ Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ի՞նչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ի՞նչ իմացություններ ունես»։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ծանրամարտի ֆեդերացիան ղեկավարում է մեկուկես տարի: Իվետա Տոնոյանը շեշտել է, թե Ծառուկյանը 22 տարի ղեկավարում է Օլիմպիական կոմիտեն ու այդ երկու տասնամյակի ընթացքում բազմաթիվ ներդրումներ է արել: Իսկ իրավական խախտումների մասին Հարությունյանի պնդումներին չի անդրադարձել:
Ծառուկյանի թիմակից, պատգամավոր էլինար Վարդանյանը Օլիմպիական կոմիտեի ղեկավար կազմի դեմ այս քայլը որակել էր քաղաքական հաշվեհարդար: Հարությունյանը հերքել է քաղաքական միտումը. «Դրանով պայմանավորված չէ»:
Պատգամավոր Վարդանյանը նաև գրել էր, թե Օլիմպիական կոմիտեին դատի տալը միջազգային սկանդալ կդառնա, բայց փակագծեր չէր բացել:
Միջազգային օլիմպիական կոմիտեն բազմիցս է հայտարարել, որ անընդունելի է համարում պետության միջամտությունը Օլիմպիական կոմիտեների գործունեությանը՝ նման դեպքերում ձեռնարկելով պատժիչ քայլեր: Օրինակ՝ 2015-2019 թվականներին Քուվեյթի օլիմպիական թիմը հնարավորություն չստացավ ներկայանալ ազգային դրոշի և հիմնի ներքո, քանի որ մինչ այդ կառավարությունը միջամտել էր սպորտային կոմիտեի գործերին և փոխել օրենքները՝ երկրի Օլիմպիական կոմիտեն ու սպորտային ֆեդերացիաները վերահսկելու համար:
2012-2014 ին էլ Միջազգային օլիմպիական կոմիտեն երկու տարով պատժել էր Հնդկաստանին, երբ իշխանությունները միջամտել էին Օլիմպիական կոմիտեի ընտրություններին և փորձել դրանք անցկացնել պետական օրենքներով՝ անտեսելով Միջազգային օլիմպիական կոմիտեի կարգերը։ Արդյունքում Հնդկաստանի մարզիկները 2014-ի Սոչիի օլիմպիական խաղերում չկարողացան հանդես գալ սեփական դրոշի ներքո: