Ծանրամարտի ֆեդերացիան դատարան դիմելուց հինգ օր անց պարզաբանել է, թե ինչու են պահանջում Գագիկ Ծառուկյանի լիազորություններն Օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնում դադարեցնել:
Ֆեդերացիան, որը նախագահում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, համարում է, որ Ծառուկյանի պաշտոնավարումը իրավաչափ չէ, քանի որ չորս տարվա ժամկետն ավարտվել է 2025-ի սեպտեմբերի 9-ին ու դրանից հետո ընտրություն չի եղել: Ըստ ֆեդերացիայի՝ կոմիտեի նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի լիազորություններն ու որոշումներն այդ ժամկետը լրանալուց հետո վավեր չեն:
«Ըստ կանոնադրության, վերստուգիչ հանձնաժողովը պետք է տարեկան առնվազն երեք անգամ նիստ անցկացներ։ Վերջին տարում այդ նիստերից ոչ մեկը տեղի չի ունեցել, այնինչ հանձնաժողովն ունի ֆինանսական գործունեության, ծախսերի ուսումնասիրության և մի շարք այլ առանցքային գործառույթներ, ուստի պարզ չէ՝ ի՞նչ հաշվետվություն է կազմվելու և ներկայացվելու, ընդ որում, հրավիրված նիստի որևէ նյութ տրամադրված չէ», - ասված է հայտարարությունում։
Օլիմպիական կոմիտեի կանոնադրությամբ էլ գործադիր կոմիտեն, որի կազմում են նախագահն ու այլ պաշտոնյաներ, ընտրվում է չորս տարի ժամկետով: Վերջին ընտրությունը 2021-ի սեպտեմբերին է եղել: Կոմիտեն այս տարվա ապրիլի 11-ին էր գլխավոր ասամբլեայի նիստ հրավիրել, որ նոր ընտրություններ անցկացներ՝ ֆեդերացիայի դատարան դիմելով՝ նիստը տապալվեց:
«Հենց էդ նիստին պիտի ընտրվեր, և դա եղավ պարզապես բիրտ խոչընդոտ Օլիմպիական կոմիտեի բնականոն գործունեության հանդեպ», - ասաց Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Արայիկ Հարությունյանի ղեկավարած ֆեդերացիայից նշում են, որ նիստի մասին էլ խախտումներով են ծանուցվել, օրակարգում միայն ընտրությունների մասին է նշված եղել, պարզ չի եղել՝ որ մարմիններն են ձևավորվելու, ովքեր են թեկնածուները, այդպիսով, ըստ իրենց, խախտվում է ֆեդերացիայի՝ որպես օլիմպիական կոմիտեի անդամ ընտրելու և ընտրվելու իրավունքը:
«Հաշվի առնելով այս և մի շարք այլ առերևույթ խախտումներ, ֆեդերացիան դիմել է դատական մարմիններին՝ վիճարկելով տեղի ունեցող գործընթացների օրինականությունը», - ասված է հայտարարությունում։
Եթե ֆեդերացիան պնդում է, որ կոմիտեի ղեկավար կազմը ապօրինի է պաշտոնավարել ու որոշումներն էլ իրավաչափ չեն, ինչո՞ւ է այսքան սպասել: Ինչո՞ւ չի դիմել այդ ժամկետից հետո, երբ առանց ընտրությունների պաշտոնավարումը շարունակել են, ինչո՞ւ հենց այս փուլում որոշեցին քայլ անել, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ընտրապայքարին միանալու մասին ու քննադատում է իշխանությանը:
Ֆեդերացիան այս հարցին չի անդրադարձել: Գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը պնդեց, թե կոմիտեի կանոնադրությանը նոր են ծանոթացել: Բացի այդ նիստի մասնակցության ծանուցումն էլ, որ համարում են խախտումներով, առաջին անգամ մարտի 23-ին են ստացել, ոչ թե դրանից առաջ:
«Մենք չենք ունեցել պաշտոնական գրություն, որը հիմք կհանդիսանար և որպես անդամ՝ չունեինք կանոնադրությունը, որպեսզի հստակ նշված լիներ: Մենք ունենք պաշտոնական գրություն ՀԱՕԿ-ի կողմից: Եվ մեզ առաջին գրությամբ ծանուցել են, որ գլխավոր ասամբլեայի նիստ պետք է լինի ու գտնվելու վայրը: Նշված չի եղել՝ ինչ ընտրությունների մասին է խոսքը: Երբ կանոնադրությունը ձեռք բերեցինք, հստակ կետերին ծանոթանալով, ֆեդերացիան որոշում կայացրեց, որ պետք է իրավական լուծում ստանա էս խնդիրը», - նշեց Սամվել Գասպարյանը:
Ինչո՞ւ 2025-ին ընտրություն չի եղել
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը երեկ «Ազատությանը» ասել էր՝ ժամկետի սահմանափակում չկա, Ամառային օլիմպիական խաղերից հետո նշանակում են հատուկ նիստ՝ ապրիլի 11-ին, որը տապալվեց:
«Մենք գործում ենք մեր կանոնադրությանը համաձայն, իսկ կանոնադրությունում հստակ գրված են գործառույթները: Այս հարցի հանգուցալուծումը մեր և մեր մարզաշխարհի օգտին է լինելու, ես միանշանակ վստահ եմ», - ասաց Ռոստոմյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օլիմպիական կոմիտեն ղեկավարում է 22 տարի, 2004 թվականից: Համացանցում հրապարակված նյութերից տեղեկանում ենք, որ պաշտոնավարման ուղիղ չորս տարվա ժամկետը չի պահպանվել: Ըստ այդ հրապարակումների՝ Ծառուկյանը վերընտրվել է 2008-ին, 2013-ին, 2016-ին ու 2021-ին: Ծառուկյանի պաշտոնավարման իրավաչափությունը Ծանրամարտի ֆեդերացիան վիճարկեց Արայիկ Հարությունյանը ղեկավարման երրորդ ամսում:
«Բազմաթիվ անդամներից ընդամենը մեկը՝ Ծանրամարտի ֆեդերացիայի Ձեր նշած նախագահը, ստանալով օրակարգը, որոշել է որևէ առաջարկ չներկայացնել օրակարգային հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ թեկնածությունների մասով, որոշել է. որ պետք է խոչընդոտի կոմիտեի բնականոն աշխատանքը», - ընդգծեց Հրաչյա Ռոստոմյանը:
Ֆեդերացիայի այս քայլը ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը, որ առաջիկա ընտրություններում Գագիկ Ծառուկյանի նախընտրական ցուցակում է, համարում է քաղաքական հաշվեհարդար:
Ֆեդերացիայի ներկայացուցիչը ժխտում է, որ քաղաքական միտում ունեն:
Օլիմպիական կոմիտեն այս փուլում ի՞նչ է անելու, փորձելո՞ւ են նիստ հրավիրել մյուս 38 ֆեդերացիաների մասնակցությամբ ու ղեկավար կազմ ընտրել, մեր այս հարցին այսօր ոչ Ծառուկյանի խոսնակը արձագանքեց, ոչ էլ կոմիտեի գլխավոր քարտուղարը: