Մատչելիության հղումներ

Դեպի ԵՄ արտահանման ծավալները աճել են. ո՞ր երկրներն են Հայաստանի համար կարևոր առևտրային գործընկերներ դարձել

Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանից Ռուսաստան ընդհանուր 1 միլիարդ 652 միլիոն դոլարի ապրանք են արտահանել, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները նվազել են շուրջ 165 միլիոն դոլարով: Նույն ժամանակահատվածում դեպի Եվրամիություն արտահանման ծավալները հասել են 650 միլիոն դոլարի՝ աճելով շուրջ 260 միլիոն դոլարով:

Այսպիսով, զուտ առևտրային բալանսի տեսանկյունից, դեպի Ռուսաստան արտահանումների նվազումը Եվրամիության հետ ընդլայնված առևտուրը չեզոքացրել է:

Եվրամիության ո՞ր երկրներն են Հայաստանի համար կարևոր առևտրային գործընկերներ դարձել ու ինչի՞ հաշվին:

Շուրջ 180 միլիոն դոլարի պղնձի հանքաքար դեպի Բուլղարիա

Առաջատարն այս հաշվարկով Բուլղարիան է. Հայաստանից շուրջ 185 միլիոն դոլար ապրանք է ներկրել, 5 անգամ ավելի շատ, քան 2025-ի նույն ժամանակահատվածում:

Այս աճի հետևում պղնձի հանքաքարի արտահանման շեշտակի ընդլայնումն է, այս տարվա առաջին կեսին Բուլղարիան շուրջ 180 միլիոն դոլարի հանքաքար է Հայաստանից ներկրել:

Հայկական յուղերը Բելգիա են հասնում

Երկրորդ տեղում Բելգիան է. այս տարվա առաջին 8 ամիսներին շուրջ 145 միլիոն դոլարի ապրանք են ներկրել, գրեթե երկու անգամ ավելի շատ, քան 2025-ի նույն ժամանակահատվածում: Այս աճի հետևում մոլիբդենի խտանյութի, ցինկի հանքաքարի ներկրման մեծ ծավալներն են, որոնք այս տարվա առաջին կեսին հասել են շուրջ 110 միլիոն դոլարի:

Անցած տարվա համեմատ Բելգիան Հայաստանից նաև ավելի քան 4 անգամ շատ կենդանական կամ բուսական ծագման յուղեր է ներկրել՝ ընդհանուր 231 հազար դոլարի: Զուգահեռ, սակայն, նվազել են մրգային պահածոների ու ալկոհոլային խմիչքի արտահանման ծավալները, Ռուսաստանը նաև այս ապրանքների մուտքն է ռուսական շուկա սահմանափակում:

Շուրջ 40 միլիոն դոլարի երկաթահալվածք՝ Հայաստանից Նիդերլանդներ

Երրորդը Նիդերլանդներն է. այս տարվա առաջին 8 ամիսներին շուրջ 76 միլիոն դոլարի ապրանք են ներկրել Հայաստանից:

Այս երկիր արտահանման ծավալները, սակայն, ավելի քան 14 միլիոն դոլարով նվազել են. դեպի Նիդերլանդներ արտահանման ծավալներում հիմնական մասը երկաթահալվածքի արտահանումն է, ծավալներն այս տարվա առաջին կեսին շուրջ 40 միլիոն դոլար են կազմել:

Կենդանական և բուսական ծագման յուղերի արտահանման ծավալները հաջողվել է նաև դեպի Նիդերլանդներ ընդլայնել՝ կրկնապատկելով և 106 հազար դոլարի հասցնելով: Զուգահեռ նվազել է հայկական գինիների արտահանումը՝ շուրջ 170 հազար դոլարից 70 հազար դոլար:

Շուրջ 20 միլիոն դոլարի հագուստ դեպի Գերմանիա

Չորրորդը Գերմանիան է. այս երկիրը մինչ օգոստոս ամիսը Հայաստանից շուրջ 72 միլիոն դոլարի ապրանք է գնել, 2025-ի համեմատ աճը փոքր է՝ 1.4 միլիոն դոլար:

Գերմանիան այս տարվա առաջին կեսին 22.6 միլիոն դոլարի ալյումինե նրբաթիթեղ՝ ֆոլգա է ներկրել, այս ծավալը, սակայն, 4 միլիոն դոլարով քիչ է 2025-ի նույն ժամանակահատվածի արտահանման ծավալներից:

Գերմանիան Հայաստանից նաև տղամարդկանց հագուստ է ներկրում՝ այս տարվա առաջին կեսին շուրջ 17.5 միլիոն դոլարի տղամարդու հագուստ է գերմանական շուկա հասել՝ ավելի քան մեկ միլիոն դոլարով շատ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ, բացի այդ, շուրջ մեկ միլիոն դոլարի կանացի բլուզներ ու վերնաշապիկներ են Գերմանիա հասել կամ շուրջ 7000 հատ, այս տեսակի հագուստ անցած տարի ընդհանրապես չէին արտահանել:

Ալկոհոլային թունդ խմիչքների արտահանման ծավալները գրեթե անփոփոխ են՝ շուրջ 1.4 միլիոն դոլար: Հաջողվել է նաև շուրջ մեկ միլիոն դոլարի պտղային պահածոներ Գերմանիա արտահանել՝ 20 անգամ ավելի բարձր ընդհանուր գնով, քան 2025-ին:

301 հազար հատ վերարկու Հայաստանից Իտալիա

Հինգերորդն Իտալիան է՝ 52.2 միլիոն դոլարով, արտահանման ծավալները 2025-ի համեմատ աճել են շուրջ 12 միլիոն դոլարով, մի զգալի մասը կանացի վերարկուների արտահանումն է. այս տարվա առաջին կեսին շուրջ 20 միլիոն դոլարի կանացի վերարկու է իտալական շուկա հասել՝ 5 միլիոն դոլարով ավելի շատ, քան 2025-ի առաջին կեսին: Տղամարդկանց վերարկուների արտահանման ծավալները հասել են շուրջ 11 միլիոն դոլարի, այս տարվա առաջին կեսին 301 հազար հատ վերարկու է Հայաստանից Իտալիա հասել:

Այս տարի Հայաստանը շուրջ 300 հազար դոլարի արծաթ է Իտալիա արտահանել, 2025-ի առաջին կեսին արտահանում չէին իրականացրել: Գրեթե 14 անգամ աճել է նաև ալյումինե նրբաթիթեղի արտահանումը՝ հունվար-հունիս ամիսներին հասնելով շուրջ 3.5 միլիոն դոլարի:

Եվրամիության անդամ երկրների շարքում Հայաստանից ամենաշատ ապրանք ներկրող երկրների տասնյակում են նաև Սլովակիան, Լեհաստանը, Ավստրիան, Լիտվիան և Չեխիան:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG