Մատչելիության հղումներ

Դատավորների ընդհանուր ժողովը ընտրեց ԲԴԽ երկու անդամներին


Դատավորների միության նախագահ, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ներկայացնում է Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքները, Երևան, 11-ը հուլիսի, 2019թ․
Դատավորների միության նախագահ, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ներկայացնում է Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքները, Երևան, 11-ը հուլիսի, 2019թ․

Դատավորների ընդհանուր ժողովը 11 թեկնածուներից Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ ընտրեց Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին և նույն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին՝ համապատասխանաբար 111 և 83 ձայներով:

ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերը, սակայն, երեքն էին, քանի որ 2018 թվականի նոյեմբերի 8-ին Խորհրդի անդամ ընտրված Նախշուն Տավարացյանը պաշտոնը երդմամբ չէր ստանձնել: Նա ընտրվել էր՝ հաշվի առնելով գենդերային սկզբունքը պահպանելու օրենսդրական անհրաժեշտությունը, չնայած մրցակիցներից անհամեմատ քիչ ձայն էր ստացել: Այդ հանգամանքը որոշակի քննարկումների տեղիք էր տվել, ինչից հետո Տավարացյանը հրաժարական էր ներկայացրել ԲԴԽ-ին: Այսօր նա երդվեց որպես ԲԴԽ անդամ: Հետագայում արդեն, ըստ Դատարանների ընդհանուր ժողովի նախագահ Երվանդ Խունդկարյանի, Բարձրագույն դատական խորհուրդը կանդրադառնա նրա հրաժարականին․ - «Եվ արդեն Բարձրագույն դատական խորհուրդը երբ որ նիստ կհրավիրի, տիկին Տավարացյանը կա՛մ պետք է աշխատի, կա՛մ պնդի իր հրաժարականը»:

70 ձայնով երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Դավիթ Բալայանը «Ազատության» հարցին ի պատասխան նշեց, որ Նախշուն Տավարացյանին երդման հնարավորություն տալու որոշումը բացասական է ընդունում: «Էն պահին, որ տիկին Տավարացյանը մոտեցավ ամբիոնին, որպեսզի երդվի, ես դուրս եմ եկել նիստերի դահլիճից, և մի քանի այլ դատավորներ: Ես գտնում եմ, որ դատավորը, ով ընտրվել էր ԲԴԽ-ի անդամ, ինքը պարտավոր էր երդվել: Եթե ինքը հրաժարվել էր ստանձնել պարտականությունը, ութ ամիս հետո երդում տալը․․․ այսինքն՝ ինքը անորոշության մեջ է թողել դատական համակարգին: Այսինքն՝ կարող է էսօր մեկը ընտրվեր, ասեր՝ ես կերդվեմ երեք տարի հետո: Էդպիսի կազուս չի կարող լինել, էլի», - ընդգծեց Բալայանը՝ հավելելով․ - «Իրավական խնդիր կա իրականում՝ ստեղծված իրավիճակը էնպիսին էր, որ ժողովը պետք է որոշում կայացներ՝ թույլատրե՞ր արդյոք տիկին Տավարացյանը երդվեր, թե՞ ոչ: Էդպիսի քվեարկություն տեղի չունեցավ: Իրեն ձայն տրվեց, ինքը ոնց որ երդում միանգամից արտաբերեց: Ես հասկացա, որ էդպես է, դուրս եկա դահլիճից»:

«Ազատության» դիտարկմանը՝ «կարծում եք միտում կար», Բալայանը պատասխանեց․ - «Չեմ կարող մեկնաբանել»:

«Ազատություն»-ը Նախշուն Տավարացյանից հետաքրքրվեց՝ այն, որ որոշ դատավորներ իր երդման ժամանակ դուրս են եկել դահլիճից, ինչպես նաև կան իրավական հակասական մեկնաբանություններ իր ընտրության հետ կապված, իրեն՝ որպես ԲԴԽ անդամ, թուլացնո՞ւմ է, թե՞ ոչ: «Եթե որոշ դատավորներ պարզապես չկարողացան ժողովի ժամանակ զսպել իրենց էմոցիաները, դա դեռևս չի նշանակում, որ իմ լեգիտիմության հարցը կասկածի տակ է դրվում: Ոչ, ես կասեմ, որ դա օրենքի պահանջն է, և օրենքով սահմանված կարգով ես երդումը տվել եմ և ընտրվել եմ որպես ԲԴԽ-ի անդամ», - հայտարարեց նա:

Վեց ժամից ավելի ձգված նիստը ամբողջությամբ դռնփակ ռեժիմով էր, իսկ դատական կարգադրիչներին հրահանգված էր լրագրողներին թույլ չտալ մոտենալ ընդմիջման դուրս եկած դատավորներին: «Եթե դուք չհրավիրվեցիք ներս, ուրեմն՝ ժողովը այլ բան չորոշեց», - ասաց Խունդկարյանը:

Չնայած մինչ նիստի մեկնարկը մի քանի դատավորներ ներկայացրել էին, որ ժողովի օրակարգում է նաև Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակը, բայց Դատավորների միության նախագահը փոխանցեց, որ հարցը քննարկել են Ընդհանուր ժողովին հասցեագրված դիմումների համատեքստում, և ինչպես բոլոր դիմումները, Գրիգորյանի նամակը ևս ուղարկվել է բոլոր դատավորներին:

«Այսօր որոշվեց, որ եթե դատավորները կծանոթանան խնդրին, եթե կունենան որևէ կարծիք, ապա այդ կարծիքները կուղարկեն ամփոփման, ամփոփումից հետո նոր Դատավորների ընդհանուր ժողովը կորոշի՝ ինչ կերպ պետք է արձագանքել այն բոլոր դիմումներին, որոնք այսօր քննարկվեցին», - հայտարարեց Երվանդ Խունդկարյանը՝ հրաժարվելով ժամկետներ նշել: Նրա հավաստմամբ՝ դատավորները զբաղված են, և արդեն երկու շաբաթից ավելի շրջանառության մեջ դրված նամակի մասով դիրքորոշում հայտնելու համար նրանց անհրաժեշտ է ավելի հարմար ռեժիմ:

Հարցին էլ՝ իսկ ընդհանրապես, այս ժողովը իրավասո՞ւ մարմին է նման նամակ քննելու համար, Դատավորների միության նախագահն արձագանքեց․ - «Քանի դեռ Ընդհանուր ժողովը իր դիրքորոշումը չի արտահայտել, թույլ տվեք ձեռնպահ մնալ դրա վերաբերյալ որևէ դիրքորոշում ներկայացնելուց»:

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամներն ու Վճռաբեկ դատարանի նախագահը կոռեկտ չհամարեցին մեկնաբանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող մի շարք վիճահարույց դրվագներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG