Մատչելիության հղումներ

Բայդենը ստորագրել է ռուսական ուրանի ներմուծումն արգելող օրենքը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ռուսական ուրանի ներմուծումն արգելող օրենքը, որն ավելի վաղ ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից։

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ստորագրումից 90 օր հետո և կգործի մինչև 2040 թվականը։

Սակայն մինչև 2028-ի հունվարը ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կարող է թույլտվություններ տալ Ռուսաստանում կամ ռուսական ձեռնարկությունում արտադրված ու չճառագայթված, ցածր հարստացված ուրանի ներմուծման համար, եթե մատակարարման այլ աղբյուրներ չլինեն։

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն սա պատմական որոշում է համարել, որը «կամրապնդի ԱՄՆ էներգետիկ և տնտեսական անվտանգությունը և կվերացնի քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում ռուսաստանից կախվածությունը»։

Ամերիկյան ընկերությունները Ռուսաստանին տարեկան մոտավորապես 1 միլիարդ դոլար էին վճարում հարստացված ուրանի համար, որը առևտրային միջուկային ռեակտորների հիմնական վառելիքն է: Ռուսաստանն ԱՄՆ ուրանի հիմնական մատակարարն է։ «Ռոսատոմ»-ը մատակարարում է ԱՄՆ-ի 93 միջուկային ռեակտորներում օգտագործվող հարստացված ուրանի մոտ 20 տոկոսը:

2023-ին ԱՄՆ-ին ուրանի վաճառքից Ռուսաստանը 1,2 միլիարդ դոլար է ստացել՝ 43 տոկոսով ավելի, քան նախորդ տարի: Վերջին մեկ տարվա ընթացքում ուրանի համաշխարհային գներն աճել են 70 տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG