Մատչելիության հղումներ

Բեռնափոխադրող վարորդների բարձրացրած հարցերը դեռ անպատասխան են մնում

Բեռնափոխադրող վարորդների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց, հունվար, 2026թ.
Բեռնափոխադրող վարորդների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց, հունվար, 2026թ.

Բեռնափոխադրող վարորդները շուրջ մեկ ամիս է Կառավարության առջև բարձրացրած իրենց հարցերի պատասխանները չեն ստացել: Դժգոհում էին, թե ի տարբերություն օտար երկրներից Հայաստան մտնող բեռնափոխադրողների՝ իրենց հարկերն ավելի բարձր են, հետևաբար՝ չեն կարողանում նրանց նման ցածր գին առաջարկել և շուկայից դուրս են մնում:

«Մենք Վրաստան մտնելուց մուծում ենք 400 դոլար փող, Ռուսաստան գնալ-գալու ճանապարհի փողը, ասենք, էնտեղ բռնում ա 600 դոլար, 500 դոլար, բայց նույն ռուսը, նույն վրացին մտնում ա ստեղ՝ 15 հազար դրամ ա մուծում: Հա, պետական մուծում ա: Մենք էլ մտնում ենք պետական մուծում ենք 400 դոլար՝ թե՛ Վրաստան, թե՛ Ռուսաստան: Իրանք տեղավորվում են դրա հաշվին, կարում են գնան-գան, իսկ մենք չենք կարում: Ասենք՝ ստեղ սալյարկեն 500 դրամ ա, Ռուսաստան 300 դրամ ա ... Մենք չենք տեղավորվում», - շաբաթներ առաջ ակցիայի ժամանակ հայտարարում էին վարորդները:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ կապի մեջ է վարորդների հետ, օրերս իր մամուլի ասուլիսում անդրադառնալով այս հարցին ասել էր՝ այս խնդիրն իր ղեկավարած գերատեսչության տիրույթում չէ, բայց որպես տնտեսագետ իր կարծիքն էր հայտնել. - «Կա արտահանող ընկերություն, որը ենթադրենք աշխատում է իրանական ընկերության հետ, ինչի՞ է աշխատում, կարող է՞ իրանական ընկերությունը 1000 դոլար պակաս է գին ուզում: Լավ, հիմա դուք, օրինակ, օգտվեիք, ունենայիք երկու տարբերակ՝ էս մեկը 3000, էս մեկը՝ 2000, որի՞ն էիք վճարելու: Ես ո՞նց գնամ ասեմ՝ «դու 3000 մենակ օգտվի»:

Բեռնափոխադրող Ալեքսան Հովակիմյանն է արձագանքում. - «Նախարարը պռոստը ասում ա, էլի: Դե դրա համար ենք գնում ասում ենք՝ «էկեք մի հատ հանդիպենք, մենք ձեզի բացատրենք իրավիճակը», հո ասելով չի: Էրկու տարի ա՝ ում բացատրում ես, չեն հասկանում իրանք: Շուկան չճանաչելու հարցն ա, դու բացատրում ես, ինքը հա ասում ա էժան ա, էժան, էժան, էժան ա: Ես արտահանումն եմ իրականացնում, ինչի՞ հաշվին եմ իրականացնում՝ որ ներմուծման հաշվին ես կոմպենսացնեմ իմ էժան արտահանումը: Դե տենց ա տենց ա, խնդիր չկա, ուրեմն արտահանումն էլ տվեք թող վրացին արտահանի, խի՞ եք մեզի տալիս»:

Ըստ վարորդների՝ օտարերկրյա բեռնափոխադրողներն էլ պետք է Հայաստան մտնելիս հարկային այնպիսի բեռ ունենան, ինչպիսին իրենք ունեն, օրինակ, Վրաստան, Ռուսաստան կամ այլ երկիր գնալու դեպքում: Բացի այդ, ըստ նրանց, իրար հետևից բացվող, հաճախ նաև փակվող անհատ լոգիստները համագործակցում են հենց այդ՝ ավելի ցածր գին առաջարկող օտարերկրացի բեռնափոխադրողների հետ: Իսկ այդ համագործակցությունն, ըստ պարբերաբար բողոքի ակցիաներ անող վարորդների, հիմնականում կանխիկ է արվում:
Վստահ չեն, որ այդ ընկերություններն առհասարակ հարկ վճարում են:

Այստեղ էկոնոմիկայի նախարար Պապոյանն էլ հարցեր ուներ. - «Մյուս հարցերը՝ դրանք առանձին պետք է նայենք, օրինակ՝ էդ կանխիկ, հարկ չտալ, բենզին, կամ դիզել է գալիս ինչ-որ եղանակով, դրանք պետք է ուսումնասիրվի, նայվի: Բայց եթե ինչ-որ մի բանի գինն էժան է, ուրեմն պետք է աշխատել նրա վրա, որ քո գինն էլ էժանանա, կամ եթե իրոք կա անհավասար մրցակցության ինչ-որ էլեմենտ, այո, պետք է նայել, որ էդ էլեմենտը վերացվի»:

Վարորդները դեռ պատասխանի են սպասում, ասում են՝ օրինակ, Պետեկամուտների կոմիտեն գիտի՞ այդ կանխիկ շրջանառության մասին: Այս հարցն «Ազատություն»-ը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին է ուղղել:

«Ինձ կոնկրետ հստակ խնդիրը դեռ չի զեկուցվել, մենք առանձին բան կանենք, կուսումնասիրենք հարցը, և եթե մեր միջամտության կարիքը կա ու մեր գործողությունների կարիքը կա, անպայման կանենք: Կխնդրեմ նաև դուք էլ, եթե դետալներ կա, փոխանցեք», - արձագանքել է Հակոբյանը:

Բեռնափոխադրող Ալեքսան Հովակիմյանը տարակուսած է՝ ինչպե՞ս ՊԵԿ չի հասել իրենց բարձրացրած խնդիրը, երբ մի քանի դիմում են ուղարկել տարբեր կառույցների, այդ թվում՝ հենց ՊԵԿ:

«Տարածքային կառավարման նախարարությունում հանդիպում կազմակերպեցին՝ կար Ֆինանսների նախարարությունից, կար Էկոնոմիկայի նախարարությունից, կար ՊԵԿ-ից, մոտ երևի մի 12-13 հոգի իրանք էին, երևի մի 7-8 հոգի էլ մենք էինք: Վերջում ուղղակի բաժանվանք՝ ոչ մեկ ոչ մեկից բան չհասկանալով: 24 թվի երևի սեպտեմբեր, հոկտեմբեր», - ասաց Հովակիմյանը՝ հաստատելով, որ լոգիստների մոտ կանխիկ շրջանառությունից խոսել է. - «Էդտեղ էլ եմ խոսել, ասում ա՝ «փաստեր, ֆիրմայի անուն տվեք», արա դե ինչ ֆիրմայի անուն տամ, մենք չենք եկել ստե ֆիրմայի անուն տանք, մենք եկել ենք ձեզի ասենք, որ օգնեք, շուկան կարգավորեք»:

Բայց ՊԵԿ ղեկավարի պնդմամբ՝ իրենք հսկում են սահմանը հատող տրանսպորտային կազմակերպություններին, օրինակ՝ նախորդ տարի մի շարք բեռնափոխադրողների են տուգանել:

«Համապատասխան տուգանքներ են առաջադրվել, նաև բացատրական աշխատանքներ են տարվել, թե իրենք ինչպես վարեն բիզնեսը, որպեսզի չխանգարեն և չխախտեն մրցակցության կանոնները, ու դրա արդյունքում, օրինակ, ինչ-որ ապրանքներ հայտնվեն, որոնք որ ճիշտ չի, որ հայտնվեն և ցածր գնով վաճառվեն և դուրս մղեն որոշ օրինապահ տնտեսվարողների», - նշում էր Էդուարդ Հակոբյանը:

Եվ քանի որ այս երկու հարցի պատասխանները բեռնափոխադրողները չեն ստացել, չեն բացառում, որ շարունակեն իրենց բողոքի ակցիաները: Բայց մի բան չեն հասկանում՝ էլ ինչքա՞ն ու ինչպե՞ս բողոքեն, որ պետական կառույցներն իրար վրա չգցեն ու վերջապես զբաղվեն այս խնդիրներով:

XS
SM
MD
LG