Մատչելիության հղումներ

Ռուս պատգամավորն առաջարկում է՝ առանց վիզայի ՌԴ-ում մնալու ժամկետը տարեկան 90-ից 30 օր դարձնել


ՌԴ Պետդումայի պատգամավոր Ֆեոդոտ Տումուսովն առաջարկում է առանց վիզայի Ռուսաստան մտած օտարերկրացիներին մնալու տարեկան ժամկետը էլ ավելի կրճատել՝ հիմա էլ 90 օրից 30 դարձնել: Այս ժամկետը նախկինում 180 օր էր, այն ուղիղ կեսով կրճատվեց այս տարեսկզբից, երբ ՌԴ-ում խստացվեցին միգրացիոն օրենքները:

Ըստ ռուս պատգամավորի, եթե Պետդուման ընդունի 30-օրյայի մասին իր առաջարկն, ապա դա կօգնի, որ իրավապահ մարմիններն ավելի արդյունավետ հետևեն միգրանտների գործունեությանն ու ավելի արագ բացահայտեն իրավախախտներին:

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ահազանգում է՝ եթե այս նախագիծն ընդունվի, սա դարձյալ ազդելու է հայ բեռնափոխադրողների վրա. «Սա վերաբերելու է նաև բեռնափոխադրողներին, ճիշտ այնպես, ինչպես վերաբերվեց 90 օրը, չնայած նրան, որ չպետք է վերաբերվեր: Ի՞նչ վերլուծություն են արել, ո՞րն է պատճառը, ինչո՞ւ են որոշել, որ 90 օրը չափազանց էր, պետք է լինի 30 օր», - հարցնում է փորձագետը:

Հայ բեռնափոխադրողները շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներով Հայաստանի կառավարությունից պահանջում էին ԵԱՏՄ գործընկեր Ռուսաստանին բացատրել, որ 90-օրյա ժամկետը հայ բեռնափոխադրողների համար անիրատեսական է: Վարորդները հիշեցնում էին՝ Հայաստանից Ռուսաստան գնացող ցամաքային միակ ճանապարհը Լարսն է, իսկ այն միշտ տարբեր պատճառներով փակ է ու խցանված, հետևաբար այդ օրերի ուղիղ կեսն այնտեղ են անցկացնում:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ակցիաներից մեկի ընթացքում մոտեցել էր վարորդներին, ասել էր՝ ակտիվ բանակցում են Ռուսաստանի հետ և դրական ազդակներ կան: «Այդ դրական ազդակներն այդպես էլ չտեսանք»,- նեղսրտում են վարորդները, որոնց շարքերում 90-օրվա ժամկետը գերազանցածները տուգանվել և 3-5 տարով Ռուսաստան մտնելու արգելք են ստացել:

«Ոչ մի արձագանք չկա մեր պետության կողմից, մենք հիմա չգիտենք՝ ինչ է եղել մեր 90 օրերի հետ, մինչև վերջերս էլ մարդկանց մուտքի արգելք են դնում», - ներկայանալ չցանկացող վարորդն ուշադիր հետևել է երեկ Պետերբուրգում ընթացող ԵԱՏՄ նիստին ու տարակուսած է՝ բեռանփոխադրումների կարևորությունից խոսող մասնակից երկրների առաջնորդները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ ուղիղ տեքստով չասացին, որ ժամկետների այս կրճատումը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ մյուս երկրների համար.

«Ռուսաստանը անկանխատեսելի երկիր է, մանավանդ՝ վերջին տարիները չես պատկերացնում՝ ինչ օրենքներ կարող են մշակել: Պետերբուրգում ԵԱՏՄ նիստ է, Ղազախստանի նախագահն առաջ է բերում, որ առանց խոչընդոտ բեռների ու մարդկանց շարժը լինի ԵԱՏՄ երկրներում, բայց մի կողմից էլ տեսնում ենք, որ ՌԴ-ում ինչ-որ պատգամավոր նոր օրենք է առաջ բերում, որ 30 օր սարքեն օտարերկրյա քաղաքացիների մուտքը: Մենք 90 օրվա մեջ չտեղավորվեցինք: Հասկանում ենք՝ դա նոր ներկայացված օրենք է, բայց դուրս է գալիս՝ բոլոր օրենքներն էլ, որ ներկայացվում են ՌԴ Պետդումա, ինչ-որ մի ժամանակ հետո մեկ էլ օրենք է դառնում», - ասաց վարորդներից մեկը:

Վարորդներն ասում են՝ թեև իրենց չհաջողվեց տևական բողոքի ակցիաներով ստիպել Ռուսաստանին, որ գոնե բեռնափոխադրողների համար այդ ժամկետները երկարացվեն, բայց միևնույնն է, կարծում են, որ ձեռքները ծալած նստելը սխալ է, մի բան պետք է ձեռնարկեն: Այս օրերին ՌԴ-ում 90 օր մնալու ժամկետը գերազանցած վարորդները խուսափում են բեռներ տանել Ռուսաստան, որ չհայտնվեն վերահսկվող անձանց ռեեստրում կամ չտուգանվեն, կալանավորվեն ու վտարվեն: Թեև նրանցից շատերը գնում-գալիս են, պնդելով, թե կաշառքով են ծագած խնդիրները լուծում. «Մեր հարցերը տարբեր ձևերով, ով ոնց կարողանում է իր գլխի ճարը տեսնում է Ռուսաստանում, սիրուն աչքերիս համար չի արվում էդ ամեն ինչը, դա արվում է կաշառքներով», - ասաց վարորդներից մեկը:

Երեկ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ նիստում Ղազախստանի նախագահը տրանսպորտի արդյունավետությունն ու լոգիստիկ գործընկերության ընդլայնման հարցերն է կարևորել, Հայաստանի վարչապետը խոսել է Հայաստան ուղարկվող բեռների տարանցման բացման ու համագործակցության հնարավորություններից, իսկ Ուզբեկստանի ներկայացուցիչը շեշտել է լոգիստիկայի և բեռնափոխադրման ոլորտում համագործակցության ռազմավարական նշանակությունը: Բայց ուղիղ տեքստով չի խոսվել այ մասին, որ Ռուսաստանում ուժի մեջ մտած միգրացիոն օրենքների խստացումները լուրջ խնդիրներ են ստեղծել ԵԱՏՄ երկրների բեռանփոխադրման ոլորտում:

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է. «Սա շատ մտահոգիչ է, որովհետև բազմաթիվ հարցեր են առաջանում, այդ հարցերին որևէ պատասխան չունենք: Անշուշտ, իրավապաշտպանները շարունակելու են լոբինգ անել, որ հանկարծ այդ նախագիծը չընդունվի, բայց, չունեմ որևէ վստահություն, որ ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ նախագիծը Պետդուման չի ընդունի»:

Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հայտարարել էր՝ եթե բեռնափոխադրումների խնդիրը քաղաքական է, Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանությունը զիջելու գնով լուծման գնալ։ Բեռնատարի վարորդն ասում է. «Չգիտեմ՝ էլ որն է ԵԱՏՄ-ի ազատ շարժը, տնտեսական ազատ ապրանքաշրջանառությունը, մարդկանց շարժը, էլ առավելությունը ո՞րն է, եթե մի հատ 90 օր սարքեցին, հիմա էլ ինչ-որ մեկի մտքում ծագել է, որ 30 օր սարքեն»:

Փորձագետ Բեժանյանը, որ դեռ նախորդ տարվանից էր խոսում այս խնդիրների մասին, մնում է իր կարծիքին, որ կառավարությունը դեռ նախորդ տարի պետք է ինտենսիվ բանակցությունների անցներ, որ բանը դեպորտներին չհասներ: Իսկ հիմա, ըստ Բեժանյանի, Հայաստանը կրկին պետք է հիշեցնի, որ դեռ ԵԱՏՄ անդամ է, իսկ այդ պայմանագիրը որպես միջազգային փաստաթուղթ բարձր է բոլոր ազգային օրենսդրություններից:

XS
SM
MD
LG