Մատչելիության հղումներ

Բաքուն հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր քայլեր են ձեռնարկվել:

«Դրա վառ օրինակն են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև հանդիպումները պաշտոնյաների միջև», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը, շարունակելով. - «Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրում նաև նշված է, որ գործընթացի ավարտի համար Հայաստանում նոր Սահմանադրություն պետք է ընդունվի: Դրա ժամկետները Հայաստանի ներքին գործն են: Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը ևս նոր հայտարարություններ արեց, որ Սահմանադրության տեքստը հանրությանը կներկայացվի տարեվերջին»:

Ադրբեջանական կողմը հետևում է գործընթացին, իսկ պաշտոնական Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է մնում, ընդգծել է Բայրամովը:

Նա հայտնել է նաև, որ մոտ ապագայում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարարի հետ: Բայրամովը նշել է, որ վերջին անգամ Արարատ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Բիշքեկում, որտեղ ամսվա սկզբին անցկացվում էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:

Ադրբեջանը Հայաստանի Անկախության հռչակագրի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին ձևակերպումները տարածքային պահանջ է համարում և Հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել:

Հայաստանի վարչապետը օգոստոսի վերջին նոր Կառավարության ծրագիրը Ազգային ժողովում ներկայացնելիս հայտարարեց՝ Անկախության հռչակագրին հղումը նոր Սահմանադրությունում չպետք է լինի: Ժամկետներից Նիկոլ Փաշինյանը չխոսեց, միայն ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին:


Տե՛ս նաև այստեղ


XS
SM
MD
LG