Ադրբեջանցի իշխանամետ փորձագետներն ու քաղաքական գործիչները շարունակում են քննարկել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Այս քննարկումները ակտիվացան հատկապես Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Դիլիջան կատարած այցից հետո։ Բաքվից հնչող գլխավոր ուղերձը մեկն է՝ Ադրբեջանը որևէ պարագայում չի հրաժարվելու խաղաղության պայմանագրի կնքման իր գլխավոր նախապայմանից՝ Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջից։
«Սահմանադրության փոփոխության հարցը, այդ ողջ գործընթացը մտածված կերպով էր ձգձգվում։ Վաղաժամ զիջումները հայկական ընդդիմությանը՝ Փաշինյանին դավաճան անվանելու առիթներ կարող էին տալ։ Այժմ, սակայն, նա հապաղման պատճառ չունի և հարկավոր է կատարել ստանձնած պարտավորությունները», - Բաքվում գործող CBC հեռուստաալիքի եթերում այս մասին երեկ հայտարարում էր Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության միջազգային կապերի բաժնի ղեկավար Սևինջ Ֆաթալիևան։
Այս օրերին իր հարցազրույցներում պակաս անկեղծ չէ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ սերտ կապեր ունեցող բաքվեցի քաղաքագետ, Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ փոխադարձ այցեր իրականացնող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ադրբեջանցի համակարգող Ֆարհադ Մամեդովը։ Նրա խոսքով Բաքվում թեև հասկանում են, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը հանրաքվեի դնելու համար Փաշինյանը նորընտիր խորհրդարանում բավարար քվեներ չունի, սակայն դա անհաղթահարելի խոչընդոտ չեն համարում:
«Այո, Փաշինյանը չունի երկու երրորդ, սակայն ունի շատ փխրուն և հեղհեղուկ ընդդիմություն, որի հետ կարելի է աշխատել այն նույն մեթոդներով, որոնք նա կիրառել է նախընտրական շրջանում», - նշում է ադրբեջանցի փորձագետը՝ հիշեցնելով, որ չնայած ընդդիմության առաջնորդը տնային կալանքի տակ էր, հարյուրավոր ընդդիմադիրներ ձերբակալվել էին, սակայն ԵՄ և Միացյալ Նահանգները հունիսի 7-ի հայաստանյան ընտրությունները ժողովրդավարական ճանաչեցին։
«Փաշինյանը կարող է Արևմուտքի կողմից ժողովրդավարական ճանաչված այս նույն մեթոդներով նաև հանրաքվե անցկացնել, առավել ևս, որ Սահմանադրության փոփոխության համար նրան շատ ավելի քիչ ձայն է հարկավոր քան ինքը հավաքել է հունիսի 7-ին՝ 625-ից 630 հազար», - նշում է Մամեդովը։
Ադրբեջանցի մեկ այլ փորձագետի՝ Կանադայում և Չեխիայում նախկին դեսպան, այժմ Բաքվում գործող Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի տնօրեն Ֆարիդ Շաֆիևի համոզմամբ ևս՝ Փաշինյանի կառավարությունը Սահմանադրությունը փոխելու ձևն ի վերջո կգտնի։ Հակառակ պարագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը բացառվում է։
«Հետընտրական մեր ուղերձը շատ հստակ է՝ մենք սպասում ենք այս գործընթացի տրամաբանական ավարտին՝ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղին վերաբերող հղումների վերացմանը։ Եթե դա տեղի չունենա, չի լինի նաև խաղաղության պայմանագիրը», - հայտարարում էր ադրբեջանցի փորձագետը։
Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիք Զուլֆուգարովը սահմանադրական հանրաքվեի առթիվ իր գործընկերների զգուշավոր լավատեսությունը չի կիսում։ Նա կասկածներ ունի, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հենց այնպես չի կորցրել սահմանադրական մեծամասնությունը։ Դրանով, ըստ նախկին նախարարի, Երևանը փորձում է ձգձգել կարգավորման գործընթացը։
«Ընտրությունները թեև անցան մեծաթիվ խախտումներով և վարչական ռեսուրսի կիրառմամբ, չգիտես ինչու արտացոլեցին այն արդյունքը, որն ամենաշատն է համապատասխանում Հայաստանի քաղաքական էլիտայի մարտավարությանը։ Այո, նրանք պահպանեցին իշխանությունը, կառավարություն կձևավորեն, սակայն, կոպիտ ասած, այնքան չկեղծեցին, որ սահմանադրական մեծամասնություն ստանան», - տարակուսում է Զուլֆուգարովը։
1998-ից 1999 թվականներին Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը ղեկավարած Զուլֆուգարովը պնդում է՝ Հայաստանում կայացած ընտրություններից հետո խաղաղության գործընթացը սառեցվել է։ Այդ իրավիճակում, նրա համոզմամբ, Բաքուն պետք է հետևողականորեն լծվի իր երկու հիմնական ռազմավարական խնդիրների լուծմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանն ու Սևանա լճի ջրային ռեսուրսներն Ադրբեջանի համար հասանելի դարձնելուն։
«Հայաստանում այնքան էլ հաշվի չեն առնում, որ Ադրբեջանի համար կապը իր տարածքի մի հատվածի հետ ռազմավարական խնդիր է։ Երկրորդ ռազմավարական խնդիրը հասանելիությունն է Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրային ավազանին՝ Գյոյչա լճին», - պնդում է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը։