Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ և TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։
Երևանը մի քանի անգամ հայտարարել է, որ ՀՀ Մայր օրենքը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրի նկատմամբ:
Բայրամովը հայտնել է նաև, որ «Ադրբեջանը, որպես բարի կամքի ժեստ, միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները»: Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանից ստացվել է նավթամթերքի վաճառքի վերաբերյալ հարցում, և բարձրացվել է Վրաստանի տարածքով տեղափոխման հարցը: Նա նշել է, որ Վրաստանի կողմից կիրառվող սակագինը իսկապես շատ բարձր էր. «Սա հարցեր առաջացրեց Ադրբեջանում: Վրաստանի ղեկավարությունը անհապաղ միջամտեց, և խնդիրը լուծվեց։ Սակագինը համաձայնեցվեց ընկերությունների միջև՝ լիովին համապատասխանելով շուկայական պայմաններին։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջան-Վրաստան հարաբերությունները բարեկամական են: Կարծում եմ՝ այս հարցը լուծվել է, և այդ ուղին կրկին կօգտագործվի», - ասել է Բայրամովը:
Ադրբեջանի արտգործնախարարը կարծում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է զարգացնել. «Երկու երկրների միջև ռազմական ապրանքների առևտուրը բացառված է, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է։ Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը տեղի կունենա», - ընդգծել է Բայրամովը:
Անցած շաբաթ վրացական երկաթուղով Ադրբեջանից Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա բենզին, որն արդեն վաճառվում է բենզալցակայաններում:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ինչպես Ադրբեջանն է Հայաստան ներմուծում վառելիք, առաջիկայում Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի: Թե ինչ ապրանքատեսակներ կարող են Հայաստանից Ադրբեջան արտահանվել, Փաշինյանը չմանրամասնեց: