Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու նրա 17 համախոհներին ահաբեկչության ու իշխանության զավթման փորձի համար մեղադրող դատախազն այսօր դատարանում թվարկեց այն ապացույցները, որոնց հիման վրա կազմել են մեղադրանքն ու արդեն կես տարի դատարանի առաջ են կանգնած բարձրաստիճան հոգևորականն ու նրան հետ առնչված անձինք:
ԱԱԾ-ից ստացված օպերատիվ հետախուզական միջոցառումների նյութեր, գաղտնի քննչական գործողությունների արդյունքներ, գաղտնալսումներ ու բջջային օպերատորներից ստացված տվյալներ, իրեղեն ապացույցներ և այլն: Հենց սրանցով քննիչները հաստատված են համարել, որ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված 18 անձինք մշտապես կապի մեջ են եղել և խմբակային անկարգություններ ու ահաբեկչություն են պլանավորել:
Ուշագրավ մի ապացույց կա մեղադրանքում: Մեղադրողն այն Տիկտոկ սոցիալական ցանցում տարածված հայտնի ձվածեղի տեսանյութ կոչեց ու կարևոր ապացույց համարեց: Այդ տեսանյութում մեղադրյալ Արմեն Ալեքսանյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակարանում ձվածեղ է պատրաստել: Հանրային մեղադրողն ասաց՝ դա ապացուցում է նրանց կապն ու խմբում գործելու փաստը:
«Հայտնի ձվածեղի տեսանյութի զննությամբ հիմնավորվում է, որ մեղադրյալ Արմեն Ալեքսանյանն այցելել է Գալստանյանի բնակության վայր և ստացել է դրական գնահատականներ նշված տեսանյութը նկարահանելու համար, ինչը վկայում է նրա կողմից հիշյալ գործընթացներին ներգրավվածության ու առնչության մասին: Տեսանյութը կարևոր նշանակություն ունի մեղադրայլի կողմից իրադարձություններին փաստը հաստատելու գործում», - իր խոսքում նշեց հանրային մեղադրողը:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էլ ասաց.- «Բոլոր տեքստերը ամեն ինչ սարքված, կեղծված, ներդրված են: Այս կետից սկսած ոչ մի բան չեմ ընդունում»:
Բագրատ Գալստանյանն իրեն ու իր համախոհներին վերագրվող մեղադրանքն ամբողջովին կեղծ ու շինծու համարելով, դարձյալ շեշտեց՝ արդեն կես տարի բանտում է այն դեպքում, երբ ո՛չ գաղտնալսումների արդյունքում արված ձայնագրությունները, ո՛չ էլ ինչպես մեղադրողներն են պնդում՝ իր իսկ ձեռքով գրած ահաբեկչության պլանը փորձաքննության չեն ենթարկվել, Գալստանյանի խոսքով.- «6 ամիս շարունակ մարդը խորհրդրարանի ամբիոնից Գլխավոր դատախազ հնչեցրել է, որ փորձաքննության պիտի ենթարկվեն՝ թե՛ ձեռագրաբանական, թե՛ տեսալսողական, 6 ամիս շարունակ չի եղել, բա էս մարդիկ բանտերում, տնից-տեղից կտրված ինչի հիման վրա... Երկրորդը այն, որ ասում են՝ Գալստանյանի բնակարան եկել-գնացել են: Այստեղ մարդ չկա, որ իմ բնակարան չի եկել»:
Գալստանյանը դատարանում մեղադրողներին կոչ արեց չշրջանցել իրավական ու բարոյական կողմը: Սա աղմուկ առաջացրեց դահլիճում: Ի վերջո դատավորին հաջողվեց սաստել կողմերին:
Դատավարությունը կշարունակվի հաջորդ շաբաթ: