Մատչելիության հղումներ

ԱԺ ընտրությունների առաջադրումների փուլը մեկնարկեց

Ազգային ժողովի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումներն այսօր մեկնարկեցին:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշիքներն արդեն կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Մասնակցության ձևաչափի մասին առանցքային ուժերից արդեն հայտարարել են իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, «Հայաստան» դաշինքը՝ թեկնածուն՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Ուժեղ Հայաստանը», այս ուժից հայտարարում են, թե իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, սակայն նա երկքաղաքացի է և չի կարող լինել պատգամավորի թեկնածու, հետևապես նաև վարչապետ: Պնդում են, թե իշխանության գալու դեպքում օրենքները կփոխեն, որպեսզի Կարապետյանը հնարավորություն ունենա վարչապետ ընտրվել: Փաստացի այս ուժի նախընտրական ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը:

Ընտրություններին մասնակցելու է նաև գործարար Գագիկ Ծառուկյանը՝ առաջնորդելով « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինքն էլ գլխավորում է ցուցակը, թեև պնդում է՝ վարչապետ դառնալու հավակնություն չունի:

Առաջադրումների համար քաղաքական ուժերն ունեն 9 աշխատանքային օր, վերջնաժամկետը՝ ապրիլի 23-ն է:

ԿՀԸ-ից փոխանցեցին՝ մինչև այս պահը որևէ փաստաթուղթ չեն ստացել:

XS
SM
MD
LG