ԲՀԿ ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը, հայտարարեց ինքը՝ Ծառուկյանը և պնդեց «ոչ մի պաշտոնի հակում չունեմ»:
«Իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, գնում եմ, հավաքել եմ մարդկանց, այն մարդկանց, որ տարբեր ոլորտների լավ ներկայացուցիչներն են, արդյունավետ աշխատողներն են, ձեռագիր ունեն, նույն մարդիկ են ասում՝ մեզ պաշտոն պետք չի, կարևորը պաշտոնը չի, կարևորը պետությունն է, ասում են՝ կարևորը մանդատը չի, կարևորն արդյունքն է: Այս սկզբունքով մենք շարժվում ենք», - նշեց Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդն ասաց, որ ունի վարչապետի չորս թեկնածու՝ առանց անուններ նշելու: «Անվանական ոչ մեկին խոսք չեմ տվել, մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, վարչապետ լինելը հաճույք չի, չարչարանք աշխատանք է, ով կարա լինի, ով այդ փորձն ունի ու իմ թիմն էլ կհամաձայնի այդ ազգանվան հետ, նա էլ կլինի»:
Հարցին՝ հաղթանակի դեպքում՝ մանդատը վայր է դնելո՞ւ, Ծառուկյանը պատասխանեց. «Հնարավոր է»:
«Վարչապետի թեկնածուն ես չեմ լինելու, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, ով կարող է անել, նա պետք է լինի», - ասաց Գագիկ Ծառուկյանը և նշեց ներկա և նախկին իշխանությունների հետ կոալիացիա չի պատկերացնում:
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի քաղաքական ուժի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակն Ազգային ժողովի ընտրություններին կգլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: